...

Ո՞ւմ արած «ղալաթները» բացահայտեց Լավրովը

Ո՞ւմ արած «ղալաթները» բացահայտեց Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, կարելի է ասել, համախմբեցին հայ հասարակությանը։ Համենայն դեպս՝ քաղաքական արձագանքներն ու հանրային կարծիքը վաղուց այսքան միասնական չէին եղել, որովհետև ճիշտ է՝ տարբեր դոզաներով, բայց Լավրովին «ցեխը կոխեցին» և՛ իշխանական շրջանակները, և՛ ընդդիմությունը, և՛ արևմտամետները, և՛ ռուսամետները․․․ Թե ինչու՝ երևի արժե պարզաբանել ավելի հանգամանորեն։

Նրա հայտարարության ամենախնդրահարույց (եթե ավելի կոպիտ բառ չօգտագործենք) հատվածն այն էր, որտեղ ասում է «Հայաստանը երկար-երկար տարիներ օկուպացրել էր 7 շրջաններ Ադրբեջանի շուրջ․․․»։ Հասկանալի է, որ դա ընդամենը լեզվի սայթաքում էր, պիտի ասեր «Լեռնային Ղարաբաղի շուրջ», բայց էականը դա չէ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ 7 շրջանները Հայաստանն է օկուպացրել։ Չէ՞ որ 1992-94 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց պատերազմ չէին էլ հայտարարել, պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, այդ տարածքները, համենայն դեպս՝ պաշտոնապես, ԼՂՀ Պաշտպանության բանակն էր գրավել, դրա համար էլ 1994 թ․ հրադադարի փաստաթղթի տակ նաև Ղարաբաղի ստորագրությունն էր։ Եվ մինչև 44-օրյա պատերազմը հայկական կողմն օգտագործում էր այդ փաստարկը։ Այլ հարց է, որ հիմա Լավրովը Հայաստանն օկուպանտ անվանելու «փաստաթղթային հիմք» ունի, և այդ հիմքը նրան Նիկոլ Փաշինյանն է տվել՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ու պարտավորվելով հայկական զորքերը դուրս բերել 7 շրջաններից (այսինքն՝ ընդունել է, որ դրանք ՀՀ զինված ուժերն են, որովհետև պաշտոնապես ԼՂՀ Պաշտպանության բանակն իր հրամանատարության ներքո չէր)։ Այստեղից էլ՝ Փաշինյանի իշխանության խիստ նյարդային արձագանքը․ չէ՞ որ Լավրովի հայտարարությունն առաջին հերթին «իրենց շեֆի արած ղալաթի» հետևանքն է։

Իսկ նախկին իշխանություններին «նյարդացրել է» Լավրովի հայտարարության այն հատվածը, որտեղ նա կոնկրետ իրենց է մեղադրում՝ ասելով, թե նրանք այնքան էլ դրական չէին ընկալում կարգավորման առաջարկները՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէին հավակնել։ Հասկացա՞ք։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք 20 տարի շարունակ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մենք պատրա՛ստ ենք տալ այդ 7 շրջաններից առնվազն 5-ը՝ պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը՝ առանց որևէ սահմանափակման, ու դա տեղի չէր ունենում, որովհետև Ադրբեջանն այդ իրավունքը չէր ճանաչում։ Եվ հանկարծ Լավրովը հայտարարում է, թե իրականում «նախկին իշխանությունները ցանկանում էին պահել այդ տարածքները»։ Այսինքն՝ անպտուղ բանակցությունների մեղքը բարդում է Հայաստանի վրա՝ հայտարարելով, թե նախկին իշխանություններն ընդամենը բանակցությունների իմիտացիա էին անում, իսկ իրականում ուզում էին պահել տարածքները, որոնց երբեք չէին հավակնել (որովհետև դրանք գտնվում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս)։ Սա շատ լուրջ մեղադրանք է, որովհետև ստացվում է, որ հենց Հայաստանի նախկին իշխանություններն են անիմաստ ժամանակ ձգել ու դրանով իսկ Ադրբեջանին հնարավորություն տվել հզորանալ և «վերադարձնել այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։ 

Ու քանի որ Լավրովի հայտարարությունները բացահայտում են և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ նախկինների «ղալաթները», բնականաբար՝ զայրացած են (կամ զայրանալու հրահանգ են ստացել) և՛ արևմտամետները, և՛ ռուսամետները։ Իսկ ակնկալելը, թե Լավրովը նաև Ռուսաստանի արած «ղալաթների» մասին կխոսեր՝ համաձայնվեք, միամտություն է։ Առավել ևս, որ այդ «ղալաթները» երբեք սեփական երկրի շահերի դեմ չեն արվել։ Ի տարբերություն Նիկոլի և նախկինների արած «ղալաթների»։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ