Լավրովն ու Արաբացին
Շատ հաջող շաբաթ էր: Բայց միայն կախիչների համար, որոնցից ոչ մեկն այս ընթացքում չի տուժել: Կարող են այդ առթիվ քեֆ անել, Սուպեր Սաքոյին կանչել, նշել:
Ալիևն էլ այս շաբաթ լուռ մնաց, փոխարենը մի ամսվա չափ խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Էնքան բան է ասել, որ չգիտենք էլ՝ որին անդրադառնանք: Բայց եթե մեզ խնդրեին մաքսիմալ համառոտ ներկայացնել նրա խոսքը, ապա կարելի էր տեղավորվել Լոուրենս Արաբացու մտքով. «Այդ անտանելի հայերը»: Լավրովը մոտավորապես դա ասաց: Բայց ոչ թե հայերը, այլ Հայաստանի իշխանությունները:
Ասում է՝ կրակն ենք ընկել այդ իշխանությունների ձեռքը: Կես տարին մեկ դիրքորոշում են փոխում: Տնաշեն, էլ չգիտի, որ մեզ մոտ շաբաթը մեկ են փոխում: Դե, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված, գիտեք, թե Փաշինյանն ու իր թիմակիցները քանի անգամ են տրամագծորեն իրար հակասող հայտարարություններ արել, դիրքորոշումներ հայտնել: Ավելի ճիշտ, չգիտեք, որովհետև դժվար թե այդքան հակասող մտքերը կարողանայիք հաշվել:
Սկսվել է «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունից մինչև Արցախը Ադրբեջանի տարածք է ճանաչվել... ինչ-որ մի հատ անկապ թվի, իրենց համար դա կարևոր չի:
Նորից շուռ եկավ
Հիմա նույնը Սահմանադրության վերաբերյալ: Փաշինյանն Արդարադատության նախարարություն էր գնացել, որտեղ էլ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»:
Բայց էս նույն Փաշինյանը մի քանի տարի առաջ, օրինակ՝ 2019-ի հուլիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ սխալ են Սահմանադրության հաճախակի փոփոխությունները: Ինչի՞ էր այդպես հայտարարում. որովհետև իրեն շատ ձեռնտու Սահմանադրություն էր:
Ողջամիտ ուժերը 2018-ի հեղափոխությունից հետո քանի անգամ առաջարկեցին սահմանադրական փոփոխություններ կատարել, խորհրդարանական կառավարման համակարգը վերացնել, վերադառնալ նախագահական համակարգին: Բայց քանի որ Փաշինյանը խորհրդարանական համակարգի շնորհիվ սուպերլիազորություններ ուներ, ամեն ինչ կենտրոնացած էր իր ձեռքում, դրա համար էլ դեմ էր, որ ինչ-որ փոփոխություններ լինեն:
Հիմա շուռ է եկել, թե բա մեզ նոր Սահմանադրություն է պետք: Ինչի համար է պետք. ասում է. որ ավելի մրցունակ և կենսունակ դառնանք աշխարհում: Չգիտենք, թե դա որն է, ու այս Սահմանադրությունն ինչով է Հայաստանին խանգարում մրցունակ լինել: Մեզ թվաց, ասելու է, որ խորհրդարանական համակարգն իրեն չի արդարացրել, որ Հայաստանում քաղաքական-կուսակցական կայացած լուրջ դաշտ չկա, ու էսօրվա խորհրդարանը դրա վառ ապացույցն է: Խորհրդարան, որտեղ ամեն ինչից խոսում են, ավելի ճիշտ՝ դուրս են տալիս, բացի քաղաքականությունից: Բայց չէ, հենց խորհրդարանական համակարգը ամենալավ բանն է համարում, դրանից դենը աշխարհ չկա, փոխարենը Սահմանադրության հիմնական պրոբլեմ է համարել այն, որ մինչև հիմա ոչ մի Սահմանադրություն լեգիտիմ չի համարվել: Հանրային վստահություն չեն վայելում:
Պրոբլեմները կվերանան
Բա, այ, եկեք մի հատ հանրային վստահություն վայելող Սահմանադրություն ընդունենք, միանգամից բոլոր հարցերը կլուծվեն, Արցախը հետ կբերենք, Ադրբեջանին ծնկի կբերենք, կհզորանանք, Մարտունու բուժկենտրոնը վերջապես կբացվի, դասագրքերը պետականակենտրոն կլինեն, Ռուսաստանը մեզանից յան կտա, մենակ թե հանրային վստահություն լինի Սահմանադրության հանդեպ: Մեր բոլոր խնդիրների ակունքը դա է:
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին: Հունվարի 20-ի երեկոյի դրությամբ հակառակ բան դեռ չի ասել: Կայունության փուլ ենք մտնում: