...

Սեփական խելք չունես՝ ոչինչ, էս «շպարգալկան» վերցրու․․․

Սեփական խելք չունես՝ ոչինչ, էս «շպարգալկան» վերցրու․․․

Եվ այսպես, պաշտոնական Մոսկվան մերժեց Նիկոլ Փաշինյանի սանկտ-պետերբուրգյան «նոու-հաուն», ըստ որի՝ Հայաստանը համաձայն է սերտացնել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, բայց մերժում է Ռուսաստանի՝ այդ համագործակցությունն աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու հավակնությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ հայտարարեց, որ «ուվաժայեմի Նիկոլ Վովայեվիչի» մասնակցությունը սանկտ-պետերբուրգյան գագաթնաժողովին իրենց չի համոզել, և «ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը», այսինքն՝ «Մոսկվայի հետ ժամանակի մեջ փորձարկված դաշնակցային կապը փոխում է անգամ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ»։

Թե որքանով են հայ-ռուսական դաշնակցային կապերը «ժամանակի մեջ փորձարկված»՝ Արցախից բռնագաղթած 105 հազար հայերն ու ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների ամենօրյա թիրախում հայտնված տասնյակ գյուղերի բնակիչներն ավելի լավ կիմանան, բայց փաստն այն է, որ Լավրովը պարզապես նշել է այն աշխարհաքաղաքական գինը, որը պիտի վճարի Հայաստանը՝ եթե ցանկանում է օգտվել ԵԱՏՄ անդամակցության տնտեսական առավելություններից։ Այն է՝ Հայաստանը պիտի հրաժարվի «իր արտաքին քաղաքական գիծը վերաձևակերպելուց»։ Ավելին՝ Լավրովը խոսել է նաև Հայաստանում տեղաբաշխված 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին (ըստ պայմանագրի՝ այն պիտի գործի մինչև 2044 թվականը) և հայտարարել, թե «վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները»։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ի բարիքներից օգտվելու գնի մեջ մտնում է նաև ռազմաբազայի վերաբերյալ անգամ դատողություններ անելուց հրաժարվելու պարտավորությունը։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է շարունակել մնալ ԵԱՏՄ կազմում, «բայց հանկարծ դրա դիմաց քաղաքական գին չպահանջեք», ու բառացիորեն երկու օր անց Ռուսաստանը բաց տեքստով պահանջում է այդ գինը։ Ընդ որում՝ սպառնալով չվճարելու դեպքում զրկել ոչ միայն ԵԱՏՄ բարիքներից (էներգակիրներ, հարմար շուկա և այլն), այլև ակնարկելով, որ դա Հայաստանի համար «վնասակար կլինի» նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ 

Կարելի՞ է արդյոք այսքանից հետո Նիկոլ Փաշինյանի սանկտ-պետերբուրգյան այցը հաջողված համարել։ Հազիվ թե։ Փաստացի նա գնացել էր այնտեղ՝ փորձելով գավառական «շուստրիությամբ» անվճար ստանալ այն, ինչի դիմաց սովորաբար վճարում են, բայց այնտեղ իրեն ասել էին «չէ, է՛լի, այ մարդ, ասեցինք՝ չէ՛, нет, բայց՝ դեռ մտածելու ժամանակ ունես, գնա մտածի»։ Նույնիսկ հուշել էին, թե կոնկրետ ի՛նչ պիտի գիտակցի մտածելու արդյունքում․ «հուսով ենք՝ Երևանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»։ 

Կօգնի՞ Լավրովի «շպարգալկան» Նիկոլ Փաշինյանին, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մեծ հավանականությամբ՝ նա առաջիկայում նման մի «շպարգալկա» էլ Արևմուտքից կստանա, որտեղ գրված կլինի․ «հուսով ենք՝ Երևանը գիտակցում է, որ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության շարունակումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»։ Եվ երկու դեպքում էլ դրանց մեջ ճշմարտության մեծ բաժին կլինի։

Իսկ թե ինչպիսի վիճակում է հայտնվում երկիրը, որի ղեկավարը «դասերը չի սովորում» և առաջնորդվում է դրսից ստացվող «շպարգալկաներից» որևէ մեկով՝ պատմության ընթացքում բազմիցս ենք տեսել ու այսօր էլ տեսնում ենք։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ