...

Հանրային քննարկումներ թակարդի շուրջ՝ պանրի առավելությունների մասին

Հանրային քննարկումներ թակարդի շուրջ՝ պանրի առավելությունների մասին

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանի՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հնարավորության շուրջ հանրային քննարկումներ սկսել։ Առաջին հայացքից՝ ճիշտ է անում, որովհետև դա Հայաստանի համար կարևորագույն հարց է, և որոշումը պիտի հասարակությո՛ւնն ընդունի։ Բայց այդ քննարկումները և կայացվելիք որոշումն արժեքավոր կլինեն միայն այն դեպքում, եթե հասարակությունը մանրամասն տեղեկացված լինի, թե ի՞նչ է սպասվում մեզ՝ այդ ճանապարհով գնալու դեպքում, ե՞րբ տեղ կհասնենք, կամ տեղ կհասնե՞նք երբևէ, թե ոչ, ի՞նչ ռիսկեր կան այդ ճանապարհին, ինչպիսի՞ն կլինեն մեր այդ քայլի հակառակորդների պատասխան քայլերը, և այլն։ Հակառակ դեպքում դա նման կլինի մկների «հանրային քննարկումներին», որոնք, թակարդի շուրջ խմբված, բուռն բանավեճ են ծավալում այն հարցի շուրջ, թե որքանո՞վ է համեղ առաջարկվող պանիրը, և արդյո՞ք դրա յուղայնության բարձր տոկոսը երկարաժամկետ հեռանկարում չի վնասի իրենց օրգանիզմին։

Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանալ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հեռանկարի մասին։ Սկսենք դրականից։ Տեսականորեն՝ այդ կարգավիճակը մեզ հնարավորություն կտա անարգել ելումուտ անել Եվրոպա, հայկական արտադրանքի համար նոր շուկաներ փնտրել, բազմաթիվ հարցերում վայելել Արևմուտքի քաղաքական աջակցությունը, մի խոսքով՝ դառնալ «քաղաքակիրթ աշխարհի» մի մասնիկը։ Բայց սա՝ միայն տեսականորեն։ Գործնականում սրա իրականացման հավանականությունը չնչին է, առավել ևս՝ կարճ ժամանակահատվածում։ Լավագույն դեպքում այդ ամենին հնարավոր կլինի հասնել տարիների, եթե ոչ տասնամյակների ընթացքում։

Հիմա՝ ռիսկերի մասին։ Հայաստանը, հասկանալի է, չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ Եվրամիության անդամության թեկնածու։ Մեծ հավանականությամբ՝ երկուսի համար էլ դա անընդունելի կլինի։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանը կսկսի  Հայաստանի դեմ տնտեսական լծակներ օգտագործել, ինչի հետևանքով սոցիալ-տնտեսական ցնցումներն անխուսափելի կլինեն։ Հավանականությունը, որ հենց այդպես էլ կլինի՝ գրեթե հարյուր տոկոսանոց է։ Բացի այդ՝ Ռուսաստանը կփորձի Ադրբեջանի միջոցով անվտանգության նոր սպառնալիքներ ստեղծել մեզ համար։ Ադրբեջանը կտրվի այդ գայթակղությանը, թե ոչ՝ այլ հարց է, բայց «չգայթակղվելու» և դեպի Եվրամիություն մեր ընթացքը չխանգարելու համար նորանոր պահանջներ կներկայացնի։ Դրանից բացի Ռուսաստանը կփորձի նաև օգտվել ներքաղաքական լարված իրավիճակից (իսկ իրավիճակը հաստատ կլարվի, եթե իշխանությունները կատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները) և «դաշնակից երկրում ներքաղաքական կայունությունը վերականգնելու նպատակով» զորքեր մտցնել Երևան։ Սրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ, բայց վտանգ, ամեն դեպքում, կա։

Այսպիսով՝ ստացվում է, որ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու ճանապարհն ընտրելը շատ գայթակղիչ է, բայց վերջնակետին հասնելու հավանականությունը չնչին է, մինչդեռ ռիսկերը, որ այդ ընթացքում Հայաստանն աշխարհաքաղաքական նոր պոլիգոնի կվերածվի ու կմնա փլատակների տակ, շատ իրական են, դրանց իրականացման հավանականությունը՝ բավականին բարձր։ Սա, իհարկե, շատ ցավալի իրողություն է, բայց այս իրողությունը գիտակցելը նույնքան կարևոր է, որքան կազինոյի մուտքի մոտ կանգնածի համար՝ գիտակցելը, որ ընդամենը  տասը դոլարով միլիոն շահելու հնարավորությունը, որքան էլ գայթակղիչ լինի, ամեն դեպքում՝ ընդամենը գովազդ է, իսկ գործնականում ամենայն հավանականությամբ արդյունքը կլինի այն, որ ինքը կզրկվի իր վերջին տասը դոլարից։ 

Հետևաբար՝ բացարձակապես անիմաստ են «հանրային քննարկումներն» այն թեմայով, թե լա՞վ բան է արդյոք միլիոն շահելը։ Այդտեղ քննարկելու բան չկա, իհարկե՝ լավ բան է։ Բայց առաջին հերթին պետք է քննարկել, թե քանի՞ տոկոս է այդ «լավ բանի» հավանականությունը, ու ըստ այդմ էլ որոշել՝ մտնե՞լ խաղատուն, թե՞ ոչ։ Առավել ևս՝ որ իշխանությունների նախորդ տխմար «խաղադրույքների» պատճառով արդեն իսկ ունեցածներիս կեսը տանուլ ենք տվել։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   333 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ