...

Կեղծ պրագմատիկների ու կեղծ հայրենասերների կռիվը

Կեղծ պրագմատիկների ու կեղծ հայրենասերների կռիվը

Հայաստանում այսօր ներքաղաքական ու ներհասարակական թեժ, տեղ-տեղ՝ հայհոյախառն քննարկումներ են ընթանում, որոնց բովանդակությունը, սակայն, ըստ էության խեղաթյուրված է։ Մի կողմում նիկոլական իշխանություններն են, որոնք հրաժարվում են մեր «ազգային ինքնությունից» ու «վերացական հայրենիքից»՝ իբր եղած իրական Հայաստանը փրկելու և նոր կորուստներ թույլ չտալու համար, մյուս կողմում էլ նրանք են, ովքեր իբր պայքարում են հանուն «մեր ազգային ինքնության»։ Ուշադրություն դարձրեք՝ հարցի այսպիսի դրվածքը հակադրության մեջ է դնում «պրագմատիկ» իշխանություններին ու «արկածախնդիր» ընդդիմախոսներին, և բնականաբար՝ այդ հակադրության մեջ «պրագմատիկների» դիրքերն ավելի ամուր են թվում։

Ցավոք՝ իրականությունը բոլորովին այլ է, որովհետև իբր պրագմատիկ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ ոչ թե «մեր ազգային ինքնությունն ուրանալով՝ փորձում է պահպանել 29,8 հազար քկմ տարածքով իրական Հայաստանը», այլ երկիրը տանում է տարածքային նոր կորուստների, ընդ որում՝ դա անում է գիտակցաբար։ Հետևաբար՝ առաջնահերթ խնդիրը ոչ թե «ազգային ինքնության ուրացումը» կանխելն է, այլ նրա այդ քաղաքականությունը կասեցնելը։

Հիմա՝ ավելի կոնկրետ։ Ռուսաստանը բաց տեքստով սպառնում է Հայաստանին՝ խորհուրդ տալով «ՆԱՏՕ-ի հետ մերձենալուց առաջ» ուշադիր նայել քարտեզին ու տեսնել, թե ո՛ր երկրներով է շրջապատված, ապա հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման փորձեր արած երկրները, որպես կանոն, հայտնվում են արյունալի հակամարտությունների մեջ և կորցնում ինքնիշխանությունն ու անկախությունը։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին ողջունում է Հայաստանի «անշրջելի որոշումը»՝ հեռանալ Ռուսաստանից ու մերձենալ Արևմուտքին, և կարծիք է հայտնում, որ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացվի՝ իրենք անպայման կարձագանքեն, ընդ որում՝ կարձագանքեն ոչ այնպես, ինչպես արձագանքեցին 44-օրյա պատերազմին ու Արցախի հայաթափմանը (որովհետև այն ժամանակ հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթում էր, իսկ հիմա իրավիճակն այլ է լինելու)։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու Արևմուտքի (պարզ ասած՝ ՆԱՏՕ-ի) այդ «այլ արձագանքը», եթե Ադրբեջանն իսկապես էլ որոշի հարձակվել ու կարողանա ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Լավագույն դեպքում՝ խստորեն դատապարտելու են ագրեսիան ու կոչ են անելու անհապաղ զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից։ Իսկ ահա Ռուսաստանն այլ կերպ է վարվելու։ Մի քանի օր ուշացումով՝ երբ այնտեղ արդեն հայկական բնակչություն չլինի, «խաղաղապահ զորակազմ» է մտցնելու և փաստացի վերահսկելու է միջանցքը։ Արդյունքում՝ այնտեղ հայկական բնակչություն չի լինելու, բայց լինելու են «ռուս խաղաղապահներ» (այս մասով՝ ճիշտ և ճիշտ Արցախի նման), բայց միջազգային քարտեզների վրա Սյունիքը ներկված է լինելու Հայաստանի գույնով, Հայաստանում էլ հակառուսական տրամադրություններն ուժգնանալու են (այս մասով էլ՝ ճիշտ և ճիշտ Աբխազիան ու Հարավային Օսիան կորցրած Վրաստանի նման)։ 

Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե հասկանում է։ Բայց դա նաև իրեն է ձեռնտու, որովհետև մեղավոր են հռչակվելու ագրեսիվ թուրքերն ու դավաճան ռուսները, իսկ ինքը միջազգային հարթակներում դառնալու է «սեփական երկրի ինքնիշխանության առաջամարտիկ» ու «ռուսական կայսերապետության զոհ», մի խոսքով՝ «Արևմուտքի սիրելին»։ Իսկ եթե կարողանա նաև իշխանությունը պահպանել ու մնացած Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազաները՝ արդեն «մեկին մեկ» կդառնա հայկական Սաակաշվիլի։ 

Մի խոսքով՝ պրոբլեմն այն չէ, որ այս իշխանություններն իբր ամեն ինչ անում են այսօրվա Հայաստանը պահպանելու համար, պրոբլեմն այն է, որ նրանք, հակառակը, գիտակցաբար պատրաստ են այսօրվա Հայաստանի մի մասը նույնպես հանձնել՝ իրենց իշխանությունը պահպանելու կամ գոնե Արևմուտքում հուսալի ապաստան ստանալու համար։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ