...

Ադրբեջանի պատասխանին սպասողները

Ադրբեջանի պատասխանին սպասողները

Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով առաջարկներից ո՞րն է Բաքվի համար անընդունելի, հայկական կողմը հստակեցումներ դեռ չունի, այսօր «Եռաբլուրում» «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հստակեցումները ճշգրտման փուլում են։ Ճշտող հարցին՝ սպասո՞ւմ են ադրբեջանական կողմի առաջարկներին, թե՞ նոր առաջարկներ կներկայացնեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է․ «Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է։ Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»։

Մինչ հունվարի 24-ը հայ հասարակությունը չգիտեր, թե ինչի մասին է խոսքը։ Բայց ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի «բացահայտումներ» արեց այդ օրը։ 

1․ Նախ կարևոր համարեց ընդգծել, որ ռուսներին, մասնավորապես՝ Սերգեյ Լավրովին փոխանցել են այդ առաջարկները, ռուսներն էլ ադրբեջանցիներին, «բայց մենք էլ նաև ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, և այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ»,- ճշգրտեց Փաշինյանը։  

2․ Փաշինյանն ասաց, թե առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի․ «Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի և միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել»։ 

3․ Ադրբեջանը սա դիտարկել է որպես նախապայման, մինչդեռ ըստ ադրբեջանցիների՝ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան։ Փաշինյանն էլ, ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձել են, թե սա նախապայման չէ, սա կոնկրետ պայմանավորվածություն է, որը գրավոր փաստաթղթի տեսքով կողմերը արձանագրել են Սոչիում։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ժամանակ ձգում Ադրբեջանը։ Ենթադրվում է, որ նա փորձելու է հիմնավորումներ գտնել, թե ինչու չի պատրաստվում զորքը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից։ Բոլոր դեպքերում, այս թեմայով «նորություններ» հայ հասարակությունը հիմնականում «որսում» է ռուսներից և ադրբեջանցիներից։ Իշխանության կոնսպիրալոգիան այս հարցում առնվազն տարօրինակ է։ Իսկ հասարակությունը՝ սպասման ռեժիմում օր է անցկացնում։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ