...

Այսօր՝ Միշել, վաղը՝ Միխայիլ

Այսօր՝ Միշել, վաղը՝ Միխայիլ

«Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից»,- ֆեյսբուքի իր էջում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է. «Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաև անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ 1994 թ․ սկսած բոլոր փաստաթղթերում, մինչև անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ օգտագործում են «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները, մի բան, որը բացակայում է Միշելի հայտարարության մեջ։ Ըստ այդմ՝ «Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային և քաղաքական միավոր»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է Զուրաբյանը՝ բացատրելով, թե ինչու է կարծում, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին։ «Հետաքրքիր է, Փաշինյանը և նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը»,- եզրափակել է Զուրաբյանը։

Երկու պատասխան կա. կամ հասկանում են, կամ էլ չհասկանալով են անում։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ պատասխանատվության բեռնաչափը չի փոխվում։ Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանի ու նրա թիմի ինքնավստահ կեցվածքը ներսում, իսկ դրսում ճիշտ հակառակ վարքի արձանագրումը հավաստում են, որ այդ մարդիկ բացարձակ պատկերացում չունեն այն ամենից, ինչ փորձում են անել՝ խաղաղության դարաշրջան հռչակել, Արցախի հիմնախնդրի վերջնական լուծման հասնել, զուգահեռաբար մնալ իշխանության ղեկին և իրենց պատկերացումների ժողովրդավարությունը կառուցել։ Չենք զարմանա, եթե մի քանի օրից Փաշինյանը գնա Մոսկվա ու Միշելի հայտարարությանը հակասող որևէ հայտարարության առիթով գլուխը տմբտմբացնի։ Վերջում հայտնի անեկդոտի առնետի օրն է ընկնելու։ Ապարանցուն հարցնում են՝ տան առնետների դեմն ինչպե՞ս ես առնում, պատասխանում է՝ տան փողոց բացվող դուռը բաց եմ թողնում, որ վազի դուրս գա, հենց հասնում է դռանը, փակում եմ։ Հետ է վազում բակի կողմի դռնից փախչելու, էլի փակում եմ։ Նորից տեսնում է փողոցի կողմի բաց դուռը, վազում է այդ ուղղությամբ, էլի փակում եմ, հետ է վազում բակի կողմ, դա էլ եմ փակում։ Էդպես մի 10-15 րոպե։ Վերջն այնքան է այս դռնից այն դուռը վազում, որ գլուխը սկսում է պտտվել ու վազելիս գլխով դիպչում է բազկաթոռի աթոռին ու տեղում սատկում է։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ