...

Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկացել, կամ ստում է

Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկացել, կամ ստում է

Փաստաթուղթ կա

Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարցին, հայտարարեց․ «Այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում, բայց մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ օրենսդրության մաս կողմող ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Դա վավերացվել է դեռևս 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն էլ վավերացրել է: Երկրորդ նրբությունը, գիտեք, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Այստեղ նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն և Ադրբեջանը դեռևս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»։ 

Փաստաթուղթ չկա

Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծել է՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ «Խոսքը հավանաբար ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանել է ՀԱԿ փոխնախագահը։ Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչումը նշանակում է՝ ԼՂՀ-ն կմնա Ադրբեջանի կազմում։ «Սա էապես կթուլացնի ԼՂՀ պայքարը»,- եզրափակել է Զուրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է ոչ վաղ անցյալի պատմությունը

Իր հերթին այս թեմայով էական շեշտադրումներ է ներկայացրել լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը։ Մասնավորապես՝ «Ալիքմեդիա» կայքում հրապարակված «Փաշինյանը կրկին չի ընդունում իր մեղքը» հոդվածում Հակոբյանը մատնանշել է վարչապետի հիշատակած 1991 թվականի ԱՊՀ հիմնադրման փաստաթղթերը, որով, ըստ Փաշինյանի, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այնուհետև վերջինս շարունակել է․ «Դա, անշուշտ, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ կազմակերպությունների անդամակցելով՝ պետություններն ինքնաբերաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե անգամ դա հստակ չեն շեշտում: Բայց Հայաստանը 1991-ից ի վեր երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսպես՝ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը Բաբկեն Արարքցյանի ստորագրությամբ «անընդունելի է համարել մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», ինչպես նաև «Հայաստանի միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այնուհետև լրագրողը հիշեցրել է 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օգտվել է վետոյի իրավունքից և թույլ չի տվել, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունվի այն հայտարարությունը, որով Արցախը ամենաբարձր ինքնավարությամբ Ադրբեջանի մաս է կազմում: «Լիսաբոնի և վետոյի էությունը սա է՝ Հայաստանը, ունենալով ընդամենը չորս տարվա դիվանագիտական անցյալ, դեմ է գնացել ԵԱՀԿ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կամքին և թույլ չի տվել փաստաթղթի ընդունում, որով Արցախը համարվի Ադրբեջանի տարածք: Հենց այդ մասին է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լիսաբոնի հայտնի ելույթը»,- եզրափակել է Հակոբյանը։ Նա նաև մեջբերել է Տեր-Պետրոսյանի Լիսաբոնի ելույթի հետևյալ միտքը․ «Մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»։ 

Փաշինյանը խոսել է նաև Մադրիդյան առաջարկների համատեքստում հիշատակված տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Հակոբյանը Փաշինյանին բաց տեքստով ասում է, որ վերջինս չի նշել, որ այդ նույն փաստաթղթում խոսվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին:

Լրագրողը այս մասով էլ մեջբերումներ է արել փաստաթղթից՝ ամրագրելով․ «Մադրիդյան փաստաթղթի էությունը ոչ թե տարածքային ամբողջականությունն է, այլ հե՛նց ինքնորոշման ամրագրումը՝ հանրաքվեի կամ պլեբիսցիտի ճանապարհով»: 

ԱԺ-ն շոուների փոխարեն կարող է որակյալ ֆլեշմոբ նախաձեռնել

Այսպիսով՝ դժվար է չհամաձայնել Հակոբյանի այն կարծիքին, ըստ որի՝ Փաշինյանը Հ1-ի եթերում հետևողականորեն փորձում էր հիմնավորել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը արդեն իսկ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: «Ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց անթույլատրելի է խեղաթյուրել մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, այն մեկնաբանել ու ներկայացնել հատվածաբար և հատկապես այն հատվածները, որոնք կարող են խոսել Ադրբեջանի օգտին, ներկայացնել միջազգային փաստաթղթերի այն դրույթները, որոնք շահեկան են Ադրբեջանի համար»: Ի դեպ՝ մենք էլ երեկ նույն բանն էինք գրել՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է արբիտր աշխատելու՝ հօգուտ Ադրբեջանի։

Պետք է կանխել Փաշինյանի այսօրինակ հայտարարությունների պարբերականությունը։ Օրինակ՝ արտախորհրդարանական խմբակցությունները կարող են ֆլեշմոբ իրականացնել և այս պարզաբանումները մեկ շաբաթ կարդալ՝ ելույթների փոխարեն, հարցուպատասխանի ժամանակ, ճեպազրույցների ընթացքում և այլն։ Պետք է բնում խեղդել այս սուտը, որպեսզի հետո ստիպված չլինենք դրա մետաստազների դեմ տարիներով պայքարել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ