...

Ձեր ատամները 20 տարի առաջ են հաշվել

Ձեր ատամները 20 տարի առաջ են հաշվել

«Ստամբուլի որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով և հրամայել զորքերը դուր բերել Ադրբեջանից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝ հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն քանի տարի որ հնարավոր եղավ, մինչև որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, և կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետև թշնամին Էջմիածին չմտավ:

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ»:

Սա հատված է Վանո Սիրադեղյանի՝ 20 տարվա վաղեմության հայտնի հոդվածից, որը հրապարակել է «Ադեկվատի» Արթուր Դանիելյանը:

Ու այստեղից կինոն սկսվում է, քանի որ քոչարյանականների բանակը մեղադրում է Արթուր Դանիելյանին, որ նա Քոչարյանի մասին նման բաներ է գրում, հետը բանավիճում են, հակափաստարկներ են բերում, ասում են՝ կարա՞ս փաստեր բերես և այլն: Այսինքն՝ մտածում են, թե նա է գրել: 

Այստեղ տեղին է հիշեցնել մի իրական դեպք. 2003 թվականին, երբ Վանո Սիրադեղյանն այլևս Հայաստանում չէր, հրապարակել էինք մի հատված նրա ելույթից, որը նա ունեցել էր 1999 թվականին:

Հաջորդ օրը քոչարյանական լրատվամիջոցներից մեկը մեկ առ մեկ պատասխանել էր Վանո Սիրադեղյանի մտքերին և Քոչարյանի հասցեին մեղադրանքներին, և կոչ էր արել դատախազությանը զբաղվել մեզանով, քանի որ, փաստորեն, հետախուզման մեջ գտնվող Վանոյի հետ կապի մեջ ենք, Վանոն մեզ հոդվածներ է գրում, մենք էլ հրապարակում ենք: 

Այսինքն՝ Վանո Սիրադեղյանի ցանկացած հոդված, ելույթ, հարցազրույց, տարիներ անց շարունակում է այնքան արդիական մնալ, այնքան դիպուկ են նրա գնահատականներն ու կանխատեսումները, որ սրանց թվում է, թե երեկ է գրվել: Այս մարդիկ միայն այս օրվա օրով են ապրում, ինչ կլինի վաղը, կամ ինչ է եղել երեկ, որն այսօր կարող է կրկնվել, ոչ հասկանում են, ոչ էլ՝ պատկերացում ունեն: Ու որևէ պատկերացում չունենալով վաղվա օրվա մասին, հիմա մեյդան են ընկել՝ թե բա հայրենիք ենք փրկում: 

Մինչդեռ ձեր քայլերը, գործողությունները (որ ասում ենք ձեզ, Նիկոլն էլ հետը), 20 տարի առաջ միլիմետրի ճշտությամբ են կանխատեսել: Պարզ չի՞, որ եթե այդպես է, ապա դուք նույնքան կանխատեսելի եք նաև Ադրբեջանի, Թուրքիայի, նույնիսկ՝ Մոզամբիկի համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ