...

Ձեզ մուրճի տեղ մեխի գլուխ պիտի տային, պողպատի մանդատի տեղը՝ ժիլետի թև

Ձեզ մուրճի տեղ մեխի գլուխ պիտի տային, պողպատի մանդատի տեղը՝ ժիլետի թև

Լրագրող Գոհար Հայրապետյանը գրել է. «Քաղաքի կենտրոնի բոլոր մայթեզրները զավթած են սրճարանների կողմից: Որ փորձես Պուշկինից հասնել Հյուսիսային պողոտա, կամ մեքենաների տակ ընկնելով պիտի անցնես, կամ էլ մատուցողների մունաթ հայացքի ներքո հաճախորդների գլխի վրայով: Ու նույնն արդեն դառնում է Սարյանը: Տնից դուրս գալը դարձել է Ֆորտ Բոյարդ: 

Եվ ահա այսօր հայտնաբերեցի, որ «Ռոսիայի» դիմացի մայթի՝ եկեղեցու առջևի հատվածը այն քիչ լայն մայթերից էր, որտեղ նորմալ կարող էիր քայլել: Ի՞նչ հիմնավորմամբ են այստեղ դրվել կառույցներ, որոնք ենթադրում եմ, խանութների շարք է դառնալու մոտ օրերս: Եվ դա այն դեպքում, երբ ամբողջ «Ռոսիան» և տակի անցումները խանութների շքերթ են: 

Ուզում եմ հիշեցնել, որ այս քաղաքում ապրում են երեխաներ, որոնց սայլակներով հանում ենք զբոսնելու, հաշմանդամներ, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում»:

«ՉԻ». Մենք ավելացնենք, որ վերջին օրերին Երևանում տաղավարների համաճարակն ավելի արագ է տարածվում, քան՝ կորոնավիրուսը: Բանը հասել է նրան, որ մտնում ես Հանրապետության հրապարակ, տեսնում ես՝ մեկը սեղանիկ դրած, առևտուր է անում: 

Աջափնյակում, երևի գիտեք, ինչ է կատարվում: Ապօրինի շինարարություն են անում, կրպակ ու տաղավար դնում, քաղաքապետարանը գալիս, դրանք ապամոնտաժում է, հաջորդ օրը նորից են տեղադրում: Հայկ Մարությանն անկեղծ ասում է. «Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»:

Ո՞նց էիք ասում. պողպատի՞, թե՞ չուգունի մանդատ: Սա՞ է ձեր պողպատի մադատը: Առայժմ ժիլետի մանդատ ենք տեսնում: Կարո՞ղ եք մի տարում Երևանը գեղի կլուբ դարձնել: Հերիք չէ՝ ապօրինի շինությունների դեմ ի վիճակի չեք պայքարել, մի հատ էլ Երևանի կենտրոնական հատվածներում ազատ մնացած տարածքներն եք տաղավարախեղդ անում: 

Հ.Գ. Դե, իսկ որ Աջափնյակն ու Դավթաշենը օրերով ջրազրկված են, էն էլ՝ էս շոգին, այս հարցը լուծելու համար երևի ամենաճիշտը գեներալ Մուրադովին դիմելն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ