...

Օդն ու հոտը կփակեն

Օդն ու հոտը կփակեն

Անգլիական սուզանավերին փոխարինող գտնվեց

Այս արևոտ շաբաթն ավարտվում է նրանով, որ առաջին անգամ հայկական լեռներ են բարձրանալու ոչ թե անգլիական սուզանավերը, այլ ֆրանսիական ռադարները: Սամվել Բաբայանն արդեն ավետել է. սրանից հետո հայկական օդը փակվելու է: Դե, որ ասում է, ուրեմն մի բան գիտի: Ադրբեջանցիները դեռ շատ են փոշմանելու, որ իրեն բաց են թողել Արցախից: 

Ասում են, որ ֆրանսիական հակաօդային պաշտպանության համալիրները բավական թանկ են, բայց թանկ է նաև դրանց սպասարկումը, դրանց համար դեռ պետք է անհրաժեշտ մասնագետներ պատրաստվեն: Ընդ որում, այդ մասնագետները պետք է կարողանան փոխկապակցել ֆրանսիական և ռուսական հակաօդային համակարգերը: Որ անեն, ռուսները նախանձից կպայթեն, քանի որ իրենք անգամ նման բան չեն արել: 

Հեղհեղուկ զինադադար

Ռուսներն ընդհանրապես պայթում են Հայաստանում իրենց հանդեպ վերաբերմունքից: Զարգացումների հերթականությունն այսպիսին էր. Փաշինյանի ելույթը Գրանադայում, ռուսների արձագանքը, մեր արձագանքը, ОРТ-ի հաղորդումը, ռուս դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը, հայ դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելը, Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին, Պեսկովի արձագանքը... ու երեկ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ այս հակամարտությունում հայկական կողմը դադար է վերցրել: Բայց արձանագրում են, որ հակամարտություն կա: Սառը պատերազմի պես մի բան է: Դեռ լավ է, որ զինադադարի ռեժիմի ենք անցել: Չնայած, զինադադարն այնպիսի բան է, որ եթե դրանից խելամիտ կերպով չօգտվես, հետո ավելի վատ է լինելու: Բան ենք ասում, սեփական աչքով ենք տեսել:

Մանավանդ, որ մեր շուրջը շատ դրամատիկ իրադարձություններ են զարգանում: Իսրայելը սկսեց իր ցամաքային օպերացիան Գազայի հատվածում, մի ուրիշ ձև են ռմբակոծում Գազան, արաբական աշխարհը ալեկոծվել է, Իրանն ու Սաուդյան Արաբիան զգուշացնում են, որ անտարբեր չեն մնա, իսկ Թուրքիայում ամբողջ գիշեր հակաիսրայելական ցույցեր են ընթացել, հարձակվել են իսրայելական դեսպանատան վրա, Դիարբեքիրում ջարդուխուրդ են արել արևմտյան բրենդների խանութները, քանի որ նրանք ֆինանսավորում են «սինոիստներին»: 

Այնպես որ, հեռու մնալ այս բոլոլայից շատ դժվար է լինելու:

Նեղանալ չկա

Բայց եկեք վերադառնանք մեր ոչխարներին: Չէ, եկեք պարզապես ասենք, որ վերադառնում ենք ներքաղաքական հարցերին: Թե չէ Հայկ Մարությանը կնեղանա: Առանց այդ էլ արդեն նեղացել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից, որը Հանրային հեռուստաընկերության եթերում Հայկ Մարությանից էր խոսել:

«Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե մենք «դրսից եկող հանձնարարություններ» ենք կատարում։ Ընդ որում, Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ 

Ի հակառակ դրա, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2»:

Բայց իզուր է Մարությանը նեղանում Արամ Սարգսյանից: Էն գլխից պարզ էր, որ անհրաժեշտ քվե ստանալու դեպքում Ավինյանենց հետ դաշինք են կազմելու: Օրումեջ գնում, Նիկոլ Փաշինյանի, Արզաքանցյանի ու Խզմալյանի հետ հետ կոֆե է խմում, մի թթու խոսք անգամ ասած չկա վարչապետի հասցեին, այնպես որ առանձնապես ընտրողին չի խաբել, չնայած՝ ՕԵԿ-ական մասը լավն էր:

Մարությանն ինքը բաց թողեց Երևանի քաղաքապետ դառնալու շանսը, երբ որոշեց մաքսիմալ սպիտակ մնալ: Մեկ-մեկ քաղաքականությունում կարելի է սև ու սպիտակ դաշինքներ էլ կազմել, նման դեպքերում նպատակն արդարացնում է միջոցները: Իր դեպքում հաստատ արդարացնելու էր:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ