...

Էքստրիմ-տուրիզմի բացառիկ հնարավորությունները Սյունիքի մարզում

Էքստրիմ-տուրիզմի բացառիկ հնարավորությունները Սյունիքի մարզում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է»:

«ՉԻ». Մի րոպե: Արման Թաթոյանը ոնց որ մի բան խառնում է: Նա երևի չի լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ սահմանամերձ համայնք լինելը պետք է դառնա ոչ թե թերություն, այլ առավելություն:

Հիմա ՄԻՊ-ն այնպես է ներկայացնում ադրբեջանցիների կրակոցները, կարծես դա թերություն է: Մինչդեռ պետք է մտածել, թե դա ոնց առավելություն դարձնենք:

Դրա համար պետք է Սյունիքում էքստրիմ-տուրիզմը զարգացնել: Շատ թույն բան կստացվի:

Ժայռ մագլցել, սար ու ձոր ընկնել, զառիթափով ու կածաններով շարժվել... դրանք հավայի բաներ են: Պիտի ադրենալինը մեջդ այնպես խաղա, կարծես Վարդան Մամիկոնյանը դիմացովդ՝ 2 մետր հեռավորության վրա, սուր ճոճելով անցնում է: 

Ասենք՝ Գորիս-Մեղրի տուր է բացվում: Ջոկում ե՞ք, ինչ կայֆ ադրենալինի դոզա կստանաք, երբ Շուռնուխի կողմերում ադրբեջանցիները ընդամենը 2 մետր հեռավորության վրա ավտոմատ ճոճելով անցնեն: Բա որ Դավիթ-Բեկի մոտ ձեր մեքենան կանգնեցնեն ու ասեն՝ դուրս եկեք ավտոյից, ստուգում ենք: Պա՜, դզում է: 

Իսկ եթե լրացուցիչ 50 դոլար վճարեք, այդ դեպքում Ճակատեն-Շիկահող հատվածը կանցնեք ավտոմատի կրակոցների ներքո: 100 դոլարի դեպքում՝ գնդացիրի: 150 դոլարով ականանետի կրակոցները ձեզ հաճույք կպատճառեն:

Դե, իսկ 300 դոլար վճարելով՝ դուք կարող եք Ագարակի կողմերում առևանգվել: Ամբողջ կյանքի համար աննկարագրելի հիշողություններ կստանաք:

Այնպես որ՝ Սյունիքի մարզում էքստրիմ-տուրիզմը բացառիկ հեռանկարներ ունի: Շտապեք, տեղերն անսահմանափակ են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ