...

Երկրից թռնելու հույսը

Երկրից թռնելու հույսը

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը «Երկիր-մեդիայի» էկրանից քննադատում է Արցախի ղեկավարությանը՝ ՀՀ իշխանությունների հետ հույս կապելու համար և պնդում․ «Լրջագույն, օրհասական ծանր իրավիճակում ենք, ցանկացած հիմնավորում անհիմն է, ու դավաճանություն է մեր անցյալի, մեր տղերքի, մեր ապագայի, մեր սերունդների հանդեպ: Պետք է մեկ ճակատով` ընդդիմություն, նախկին, ներկա դուրս գան, որովհետև այլ տարբերակ չկա, սա է իրականությունը»։ 

Որ վիճակն իսկապես օրհասական է բառիս բուն իմաստով, ճիշտ է։ Բայց արդյո՞ք մեր ընդդիմադիրներն ու իշխանավորները սա գիտակցում են։ Դատելով նրանց պահվածքից՝ ոչ։ 

Դիտարկենք վերջին օրերի հավաստի և ոչ այնքան հավաստի աղբյուրների հաղորդումները։

Այսպես, թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք և ամեն օր պրոֆիլակտիկ կրակում է, իշխանությունը զբաղված է Հայաստանն աշխարհաքաղաքական չափազանց պայթյունավտանգ խաղի մանրադրամ դարձնելով, մեր պետությունը 2020-ի խայտառակ պարտությունից և դրան հաջորդող երկամյա անգործությունից հետո կանգնած է ոչնչացման շեմին։ Իսկ մեր հավաստի աղբյուրները պատմում են ՔՊ-ի արկածների մասին, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Ալեն Սիմոնյանի՝ միջազգային հարթակներն ինքնագովազդի համար օգտագործելու մասին, Հայաստանի շուրջ Արևմուտք-Ռուսաստան «փոխհրաձգության» մասին։

Ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի։ 

Ի դեպ, ոչ այնքան հավաստի աղբյուրներն անցյալ շաբաթ պնդում էին, որ վարչապետը նեղ շրջապատում ասել է, թե ոչ մի բան էլ չի ստորագրելու։ Ի՞նչ է սա նշանակում՝ արդեն տեսել ենք 2020-ին։ Այսինքն՝ պատերազմով զիջումները սույն անձի համար գերադասելի են ստորագրությունից։

Խորհրդարանական ընդդիմությունը սպասում է։ Ճիշտ է, նրա ներկայացուցիչներն ու համակիրները հանդես են գալիս հարցազրույցներով և գրառումներով, որոնցում հաճախակի նոր պատերազմ են գուժում, սակայն որևէ ռացիոնալ լուծում չեն առաջարկում։ Նույն Իշխան Սաղաթելյանը, օրինակ, նույն հարցազրույցում ասում է․ «Մի պահ պատկերացնենք, պայմանական եմ ասում, նոյեմբերի 9-ին 50 հազար մարդ դուրս է գալիս Արցախի Ստեփանակերտի հրապարակ` հստակ ձևակերպված պահանջներով, հենց այդ նույն օրը ևս 100 հազար մարդ Երևանում, փոխվում է իրավիճակը, բոլորի խաղաքարտերը խառնվելու են` Նիկոլի, Ալիևի, Էրդողանի, Արևմուտքի, որովհետև հասկանալու են, որ այստեղ կա ժողովուրդ, ով ուզում է ունենալ պետականություն»։ Ահա, պայմանական նորից մարդկանց փողոց հանելու նպատակ ունեն։ Պայմանական։

Պայմանական սպասում են Նիկոլի ստորագրել-չստորագրելուն, պայմանական բորբոքվում են։ Սակայն իրական քայլեր անել չեն ուզում, չեն կարող։ Որովհետև օրհասի իրական չափերը չեն հասկանում։ Կամ էլ հասկանում են, բայց երկրից թռնելու հույս ունեն։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ