...

Երնեկ քո հավեսին

Երնեկ քո հավեսին

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի կողմից շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով հաստատվելու է «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը»:

Խոսքը օդանավակայաններում գործող VIP սրահների մասին է:

Ըստ այդ կարգի՝ հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Բայց որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Արցախի Հանրապետության նախագահը և ցանկում նշված մյուս պաշտոնյաները իրավունք ունենան օգտվելու հատուկ սրահից, պետք է վարչապետի համաձայնությունը, իսկ դրա համար էլ թռիչքից առնվազն երեք օր առաջ նրանք պետք է դիմեն վարչապետին՝ հիմնավորելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը:

«ՉԻ». Կարծում ենք, որ սա աշխատանքի շատ կարևոր ուղղություն է, կարելի է ասել՝ անգամ գերակա, և պետք է զարգացնել հաջողությունը:

Օրինակ՝ ռեստորանների VIP սրահներից իրավունք ունեն օգտվել միայն վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյաները, բայց նախապես, երեք օր առաջ պետք է տեղեկացնեն վարչապետին: Վատ չի լինի, եթե նրանք խորագիտություն ցուցաբերեն և վարչապետի հետ նաև համաձայնեցնեն ընթրիքի մենյուն:

Որպեսզի քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև ավելորդ լարվածություն չառաջանա, կարելի է սահմանազատել Երևանի մի քանի փողոցներ, որոնցով զբոսնելու իրավունք կստանան բացառապես ցանկի պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները:

Կենտրոնի տարածքում գտնվող SAS սուպերմարկետներից մեկն էլ կարելի է հայտարարել իբրև VIP սուպերմարկետ: Այնտեղից, ինչպես կռահեցիք, կկարողանան գնումներ կատարել բացառապես բարձրաստիճան պաշտոնյաները: Բայց գնումների ցանկը պետք է երեք օր առաջ համաձայնեցնեն վարչապետի հետ: Դա արվում է միմիայն նրանց առողջ սնվելու մտահոգությունից ելնելով: Թե չէ, որ Արմեն Սարգսյանի հայեցողությանը մնա, նա ամեն օր բարբեքյու կանի, իսկ դա խիստ վնասակար է առողջությանը:

Մի խոսքով, առաջիկայում վարչապետը գերզբաղված է լինելու: Դե ինչ, առաքելությունը այդպիսի բան է. հանուն հայրենիքի ինչ ասես, որ չես անի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ