«Ես հիմա չեմ կարող գուշակություններ անել և նախկին ընդդիմության նման օր նշանակել, որ սեպտեմբերին կամ օգոստոսին Փաշինյանը չի լինելու, բայց մի բան ակնհայտ է, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և այդպես շարունակելու դեպքում, ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որտեղ մենք կապրենք ոչ թե «Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով կամ «լայվերի» ռեժիմով, այլ խնդիրներին լուծում տալու ռեժիմով, ազգային քաղաքականությունը իրականացնելու ռեժիմով, ղարաբաղյան հիմնահարցում հստակ դիրքորոշում ունենալու ռեժիմով։
Այլ ոչ թե այն ռեժիմով, որ մի օր Ադրբեջանի հետ երկխոսում ենք, կանգնենք ասենք՝ Ալիևը կիրթ ու կառուցողական է, հետո էլ ասենք՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ամբողջը շիլաշփոթ է»։
Սա հատված էր Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:
«ՉԻ». Եթե Շարմազանովն իրեն մի փոքր, չնչին հարգեր՝ երկար ժամանակ չէր զբաղվի քաղաքական կանխատեսմամբ: 2018 թվականի ձմռանը նա էր, որ հայտարարում էր, թե Հայաստանի կառավարման ղեկը դեռ 20 տարի գտնվելու է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ շենքում: Անցավ ընդամենը երեք ամիս և ՀՀԿ-ն, նրա առաջնորդը և առաջնորդի որդին հայտնվեցին քաղաքական լուսանցքում:
Քաղաքականությունը իսկապես հնարավորի արվեստ է, և Շարմազանովն ու մյուս երիտասարդներն անում են իրենցից կախվածը, որ Սերժ Սարգսյանը Ձորաղբյուրի ամառանոցից հայտնվի ավելի ասկետիկ պայմաններով հիմնարկում: Մոտական Նուբարաշենի հիմնարկն է, Աբովյանինը գենդերային սահմանափակումներից ելնելով՝ հարմար չէ:
Եվ ամենևին իմաստ չունի տիրաժավորել փեսա Միշիկի անհաջող որակումները: Առաջվանը չէ, որ ամեն անգամ նրա և աներոջ պայծառ մտքերը կրկնելու դեպքում Շարմազանովի եղբայրը և մնացած բարեկամները նոր պաշտոններ ստանան: Առավելագույնը կարող է կանչել Սոչի և խոհարարի օգնականի գործ առաջարկել: Իսկ դրա համար չարժե ևս մեկ անգամ խայտառակվել:
Ինչ վերաբերում է Արցախին: Ինչ կապ ունի Ալիևի կիրթ լինելը Արցախը Հայաստան լինելու հետ: Տպավորություն է, որ Շարմազանովի սիրած ճաշատեսակը մանի կաշան է: Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ Ալիևը լկտի է, միևնույն է, պնդելու է՝ Արցախը Հայաստան է:
Մնում է հասկանալ, թե Սերժ Սարգսյանն ինչ էր, որ համաձայնել էր զիջել ազատագրված տարածքները: