«Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետևանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»,- գրում է ՀՀ վարչապետը ֆեյսբուքում։ Գրում է, որովհետև վախեցել է իր ասուլիսի արձագանքներից։
Գիտե՞ք՝ զավեշտաողբերգականը որն է։ Պրն Փաշինյանին թվում է՝ բոլորը ամնեզիա ունեն, և պնդում է՝ ճշմարտությունը թաքցնել չի կարող։
Եթե անգամ մոռանանք որոշ մանր ու մեծ ստեր, որ 2018-ից ի վեր ասվել են, ապա 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, այսինքն՝ պատերազմի 44-օրյա հրեշավոր սուտը մոռանալն անհնար է։
Հիմա պնդելով, թե մինչև 2018 թ․ բանակցությունները Արցախի համար ոչ մի լավ բան չէին խոստանում, ասում է․ «Այս և մի քանի այլ կարևոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։
Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը»։
Ինչո՞ւ չի խոսել պատերազմից առաջ, ինչո՞ւ վիճակը չի բացահայտել, եթե, իրոք, ամեն ինչ այդքան ողբերգական էր։ Ինչո՞ւ էր որոշել, որ կարող է իր սեփական կետը պարտադրել միջազգային հանրությանը։ Արդյո՞ք միայն դիլետանտիզմն ու ինքնասիրահարվածությունն են պատճառը։ Կասկածելի է։
Որովհետև հենց ինքն է խոստովանում, թե ինչու սկսվեց պատերազմը։
Որովհետև եթե իր կետի մասին չմտածեր ու «չպայքարեր», պատերազմ չէր սկսվի։
Որովհետև եթե իսկապես մտածեր հայկական երկու պետությունների մասին, կբանակցեր, կընդուներ փոխզիջումների այն պլանը, որն իրեն առաջարկվել էր 2019-ին։
Չարեց, որովհետև չէր ուզում դավաճան կոչվել։
Չարեց, որովհետև հասկացել էր կամ հասկացրել էին, որ պատերազմով հող հանձնելն իրեն ներվելու է։
Սխալվեց։ Չի ներվելու։
Չի ներվելու պատերազմը, չեն ներվելու հազարավոր զոհերը, չի ներվելու Հայաստանի ինքնիշխանության կորուստը, արցախահայության ողբերգական ճակատագիրը։
Ի վերջո, ինչո՞ւ չեք հրապարակում Արցախյան խնդրի կարգավորման մինչև պատերազմը եղած բոլոր փաստաթղթերը։ Ճշմարտությունն այնտեղ է։ Գուցե մարդիկ կարդան և հասկանա՞ն, թե ինչ կետից էր պետք բանակցել։ Թեպետ դա՛ էլ կարող եք չանել։
Որովհետև ծանր, աններելի ճշմարտությունը պատերազմն էր։
Զարուհի Գաբրիելյան