...

Եվրոպայից մի՛ վախեցեք, վախեցեք Հայաստանի ժողովրդից

Եվրոպայից մի՛ վախեցեք, վախեցեք Հայաստանի ժողովրդից

Թավշյա հեղափոխության ահեղ զրահապատված գնացքն արդեն մոտ կես տարի է, ինչ լռվել է «Սահմանադրական դատարան» կոչվող կայարանում և այնտեղից շարժվելու հույսի նշույլ անգամ ցույց չի տալիս։ Դեռ մեկ տարի առաջ կարծես ոչինչ ի վիճակի չէր կանգնեցնել հեղափոխական այդ հսկայի սլացիկ և անպարտելի ընթացքը, բայց այսօր այն անհույս կանգնած է պահեստային գծում՝ ժանգոտելու վտանգի տակ։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Չէ՞ որ ժողովրդի անվերապահ աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի նվաճումը, հին Ազգային Ժողովի ցրումը և արտահերթ ընտրություններում ջախջախիչ հաղթանակը նման տխուր վախճան չէին խոստանում։ Բայց արի ու տես, որ թալանին օրինականության տեսք տալու նպատակով ավազակախմբի ձևավորած վերջին ոչ լեգիտիմ մարմինը ոչ միայն կայուն է մնացել իր դիրքում, այլև դարձել է երկրի ժողովրդավարական զարգացմանը խոչընդոտող գլխավոր հաստատությունը։ 

Ի սկզբանե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երկու ճանապարհ կար։ Մեկն այն էր, որ ժողովրդավարական նոր իշխանությունը գործող Սահմանադրական դատարանին հայտարարեր ոչ լեգիտիմ մարմին և, օգտվելով Սահմանադրությամբ տրված լիազորություններից, ձևավորեր Սահմանադրական  դատարանի նոր կազմ, որի բոլոր դատավորները կառաջարկվեին և կընտրվեին ժողովրդի վստահությունը վայելող մարմինների կողմից։ Անհրաժեշտ բոլոր իրավական հիմքերը առկա էին։ Հին լիազորություններով գործող բոլոր ՍԴ անդամները պետք է փոխարինվեին սահմանադրական նոր լիազորություններով գործող դատավորներով, իսկ ՍԴ նախագահը պետք է ընտրվեր նոր Սահմանադրությամբ  նախատեսված սկզբունքով՝ ՍԴ դատավորների կողմից և 6 տարով։ Դրա համար ժողովրդից առաջնային մանդատ ստացած Ազգային Ժողովը պետք է ուղղակի դիմեր նախագահին, կառավարությանն ու դատավորների ընդհանուր ժողովին՝ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջարկելու պարտավորությունը կատարելու պահանջով և այդ առաջարկությունների հիման վրա ընտրեր մնացած 7 ՍԴ դատավորներին։ Այս գործընթացի բոլոր հիմնավորումները ներկայացված են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։

Իշխանությունը, ցավոք սրտի, ընտրեց մեկ այլ, «թավշյա» ճանապարհ, որը կարելի է պայմանականորեն անվանել նրա գլխավոր ճարտարապետ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունով։ Շատերի համար մինչև վերջ պարզ էլ չէ, թե ո՞ւմ կողմից  է խաղում Հրայր Թովմասյանի հետ եկած և մինչև հեղափոխությունը ՍԴ աշխատակազմի ղեկավար աշխատած այս գործիչը։ Ներշնչելով իշխանությանը, թե Սահմանադրության անցումային դրույթները թույլ են տալիս տարընթերցում և որ վերոհիշյալ տարբերակով ՍԴ դատավորների ընտրությունը կարող է լավ ընդունելության չարժանանալ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից, Վլադիմիր Վարդանյանը իշխանության գործողությունները ուղղեց բացարձակ անհեռանկարային ուղղությամբ։ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվեց «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականություն, որի նպատակն էր համոզել նրանց կա՛մ հնազանդվել իշխանությանը, կա՛մ հրաժարվել պաշտոններից։ Տարբեր գայթակղիչ առաջարկներով «վերբովկան», սակայն, չտվեց թյուրիմացաբար ակնկալվող արդյունքը։ ՍԴ անդամների մեծամասնությունը շարունակեց քվեարկել Հրայր Թովմասյանի հրահանգներով՝ փրկության օղակ նետելով Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։ Բազմաթիվ ակնհայտ չարաշահումների համար Թովմասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ազնիվ գործը նույնպես հաջողությամբ չպսակվեց, քանի որ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ էր առնվազն հինգ ՍԴ անդամների քվե, ինչին հասնել հնարավոր չէր։ Դրանից հետո իշխանությունը կատարեց իր պաշտոնավարման ամենաանհեթեթ քայլերից մեկը. Ազգային Ժողովը դիմեց Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հայցով։ Սա, բնականաբար, նույնպես մերժվեց նրա ղեկավարած ապօրինի մարմնի կողմից։ Իսկ իշխանությունն ինքն էլ չհասկացավ, որ նման քայլով պաշտոնապես ճանաչեց գործող Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, և ի վերջո է՛լ ավելի լեգիտիմացրեց Հրայր Թովմասյանի պաշտոնավարությունը։ 

Իշխանության վերջին «փայլուն» մտահղացումն է ՍԴ անդամներին «պատվով թոշակի ուղարկելու» մասին օրենքը, որն ընդունվեց դեկտեմբերի 11-ին։ Այն հնարավորություն է տալիս օրենքի ընդունումից հետո երկամսյա ժամկետում հրաժարական տված ՍԴ անդամներին՝ գնալու չվաստակած հանգստի և ստանալու աշխատավարձին հավասար կենսաթոշակ։ Տեսնենք, այս օրենքը ի՞նչ արդյունք կտա։ Շատ թերահավատ եմ, որ այդ հնարքը կլուծի ճգնաժամը։ Իշխանությունները չեն հասկանում, որ ՍԴ անդամների մեծամասնությունը հազար թելերով է կապված ռոբասերժական ավազակախմբի հետ և շարունակում է ատամներով պաշտպանել իրենց տերերի շահերը։ Իշխանությունները, ի վերջո, ստիպված են լինելու դիմել «միջուկային տարբերակին», այսինքն՝ գնալ ՍԴ դատավորներ ընտրելու ճանապարհով։ Ցավոք, դա տեղի կունենա անբարենպաստ մթնոլորտում, որը նրանք ստեղծել են հենց իրենց գործողություններով։ Եթե ուզում էին Եվրոպայի Խորհրդում  խուսափել ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքից, պետք էր գնալ հենց Վահե Գրիգորյանի նախագծած օրինական և քաղաքականապես հստակ ճանապարհով։ Կիրառելով Վլադիմիր Վարդանյանի առաջարկած զինանոցը, իշխանությունը սեփական ձեռքերով ստեղծեց դատական իշխանության վրա ճնշելու մասին ապացույցների մի ամբողջ դոսյե և դժվարացրեց սեփական գործը։

Պետք է վճռականորեն գնալ հեղափոխության ճանապարհով։ Վախենալով Վենետիկի հանձնաժողովից և Եվրոպայի Խորհրդից, իշխանությունները կարծես մոռանում են, որ ներկայացնում են հեղափոխություն արած և ազատություն նվաճած մի ողջ ժողովուրդ։ Եվրոպայի Խորհուրդը ինքը պետք է պատասխան տա մեր ժողովրդին տասնյակ տարիներ Հայաստանում ընտրակեղծիքներն ու բռնատիրությունը լեգիտիմացնելու և Մարտի 1-ի ոճրագործության վրա աչքերը փակելու համար։

Իսկ իշխանության ճակատագիրը կախված է լինելու միայն և միայն նրան երկրում ժողովրդավարություն հաստատելու պատվեր տված ժողովրդից։ Դա վճռականության պատվեր է, անվճռականությունը և ձախողումը չեն ներվելու։

Գաբրիել Թորգոմյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ