...

Թավշյա կաշառակերության համեստ հմայքը կամ արդարադատություն ցկաշա՞ռք

Թավշյա կաշառակերության համեստ հմայքը կամ արդարադատություն ցկաշա՞ռք

Արդարադատության խաղերը

2018 թվականի մայիսի 8-ին, երբ ապստամբ ժողովուրդը պարտադրեց Ազգային Ժողովին Հայաստանի վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա առաջնորդվում էր մեկ նպատակով՝ վերականգնել երկրում օրենքն ու ժողովրդավարությունը։ Մեր ժողովուրդը երազում էր վերջ տալ երկրում տիրող կոռուպցիոն թալանին, պատժել պետականորեն կազմակերպված թալանի պարագլուխներին և վերադարձնել թալանված փողերը։ Եթե այն ժամանակ որևէ մեկն ասեր, որ այսօր, 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, փառապանծ Թավշյա հեղափոխությունից 1 տարի, 7 ամիս և 2 շաբաթ անց, հայոց արդարադատության պատժիչ բազուկը այս գործերով հասու է միայն Գագիկ Խաչատրյանին և Մանվել Գրիգորյանին, նրան ազգովի կծաղրեինք։

«Նոր Հայաստանի» արդարադատության անհասկանալի խաղերը սկսվեցին Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո։ Եթե հիշում եք, այն ժամանակ ԱԱԾ-ն հայտնաբերեց, որ Սամվել Ալեքսանյանը և այլ օլիգարխներ հարկերից խուսափելու նպատակով ապօրինաբար իրենց պատկանող սուպերմարկետներում ձևակերպել էին անհատ ձեռներեցների, որոնք վաճառքից վճարում էին միայն շրջանառության հարկը։ Ալեքսանյանի նկատմամբ սկսվեցին իրավական գործողություններ։ Հետաքննվեց նաև իր մասնակցությունը խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված բռնություններին։ ՊԵԿ-ը ստուգեց շաքարը որպես հումք ներկրելու և մաքսային տուրքերի վճարումից խուսափելու տեղեկությունները։ Իսկ հետո, կարծես կախարդական փայտիկի հարվածով, բոլոր հետապնդումները դադարեցին, և նա մեկ ակնթարթում «դարձավ» օրինապաշտ ձեռնարկատեր, որը մուծում է բոլոր հարկերը, լրացուցիչ գումարներ տրամադրում բացառապես ազգանպաստ նպատակների իրագործման համար և շարֆիկով երթերի մասնակցում նոր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ինչպես ժամանակին դա անում էր Հովիկ Աբրահամյանի կամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Մամուլը լի է հրապարակումներով այն մասին, որ նման բախտի Ալեքսանյանը արժանացավ նոր իշխանությունների հետ լեզու գտնելով և որոշակի փրկագին վճարելու շնորհիվ։

Անիրավ գործարքը

«Ազատություն բարեգործության դիմաց» սխեման շատ ցայտուն աշխատեց նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի դեպքում, որը հանկարծ անհաղթահարելի և, ինչն ավելի կարևոր է, աննախադեպ ցանկություն ունեցավ «բարեգործություն» կատարել և 18.5 միլիոն ԱՄՆ դոլար վճարել պետական բյուջեին։ «Բարեգործը», սակայն, հրապարակավ պահանջեց  «անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները» և հայտարարեց, որ «վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը»: Հետաքրքիրն այն է, որ Սաշիկ Սարգսյանի բոլոր պահանջները կատարվեցին, և նա մուծելով խոստացածը, իսկապես հնարավորություն ստացավ լքել Հայաստանը և այլևս անհասանելի դառնալ արդարադատության համար։

Նրա հայտարարության տեքստը, հետևաբար, իրականում ավելին էր, քան պարզապես Միստեր «50-50»-ի հայտարարություն։ Այն իրականում լիովին բնորոշում է այն կոնցեպտը, որը նոր իշխանությունը դրել է թալանված փողերը հետ բերելու հիմքում, և այդ կոնցեպտը որևէ կապ չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ արդարադատության, ո՛չ էլ ժողովրդավարական կառավարման թափանցիկության հետ։ Փաստորեն, իշխանությունները որոշ «բարեգործության» դիմաց պատրաստ են շատ ընտրողական ձևով կիրառել արդարադատությունը և որոշակի հանդուրժողականությամբ վերաբերվել թալանչի-«բարեգործին»։

Թավշյա կոռուպցիա

Մեր արդարադատության համար նույնքան անհասանելի դարձան բանանային թագավոր և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՀ ամենազոր փեսա Միքայել Մինասյանը, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծի թալանի գլխավոր կապավոր և երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը, սերիական հանցագործ և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որոնց անհասկանալի ճանապարհներով հաջողվել է մեր Ֆեմիդայից ապաստան գտնել արտասահմանում։ Այդպես էլ լռվեց իշխանության չարաշահմամբ ավազահանք հափշտակելու Հովիկ Աբրահամյանի հանրահայտ գործը։ Եվ, վերջապես, հանգիստ և ապահով կյանք է վայելում գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանը, դեպի որը տանում են վերջին տասնամյակի խոշորածավալ կոռուպցիայի բոլոր թելերը։

Այս ամենում ամենավտանգավորը այն կասկածն է, որ արդարադատությունը կարող է օգտագործվել ոչ միայն օրինականության վերականգնման և թալանած փողերի վերադարձման նպատակով, այլև ընտրողական կիրառման միջոցով աշխատել որպես քաղաքական և տնտեսական շահեր քաղելու և փրկագին բանակցելու գործիք։ Այս մասին խոսակցություններն ու օրինակները նույնպես շատ են։ Մամուլում, օրինակ, բացահայտ քննարկում են, որ Գագիկ Խաչատրյանից որպես փրկագին պահանջել են 300 միլիոն ԱՄՆ դոլար, բայց ստացել են ընդամենը 100 միլիոն, ինչի հետևանքով էլ նա կալանավորվել է։ Նույնքան կասկածելի էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորումն ու ազատումը, որոնք ակնհայտորեն ազդեցին «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական վարքագծի վրա և, հնարավոր է, հետապնդում էին հենց այդ նպատակը։

Ելքը

Մի բան պարզ է. թալանած փողերը վերադարձնելու գործում իշխանությունների կողմից կիրառվող մութ գործարքների կոնցեպտը ոչ մի լավ տեղ մեր պետությանը չի հասցնի, այլ միայն կխարխլի հանրության վստահությունը կառավարության նկատմամբ։ Ինչքան էլ խոսվի, որ այդ գումարները օգտագործվում են պաշտպանության համար անհրաժեշտ սպառազինությունների ձեռք բերման նպատակով, միևնույն է, կասկածները չեն փարատվում, որ այդ միջոցները կարող են օգտագործվել նաև այսօրվա իշխանավորների ապօրինի հարստացման և մութ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով։ 

Անհրաժեշտ է օր առաջ անցնել ժողովրդավարական երկրներում կիրառվող «իրավական գործարքի» ինստիտուտի հաստատմանը։ Այն թույլ կտա իրավապահ մարմիններին բաց, թափանցիկ և հրապարակային իրավական գործարքներ կնքել թալանում մեղադրվող անձանց հետ։ Ակնհայտ կլինի, թե վերադարձված գումարների դիմաց օրենքով ինչ մեղմացումներ են կատարվում մեղադրյալների նկատմամբ։ Այդպիսով, մեղադրյալները կհամարվեն դատապարտված հանցագործներ, բայց կստանան կալանավորման հետ կապված մեղմացումներ՝ քննության հետ համագործակցելու և հանրությանը պատճառած վնասները փոխհատուցելու դիմաց։ Իսկ հանրությունը կտեսնի վերադարձված գումարների չափը և վստահ կլինի, որ որևէ չարաշահում տեղի չի ունեցել։ Այժմյան պրակտիկայի շարունակումը ոչ միայն կվարկաբեկի ներկա կառավարությանը, այլև թույլ կտա թալանչիներին կամաց-կամաց դուրս բերել թալանածը և անպատժելի դառնալ մեր արդարադատության առջև։ Ուշացնելով օրենսդրական այս բարեփոխումը, իշխանությունները կկրեն այդ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը։ 

Գաբրիել Թորգոմյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ