...

«Карабахский» կլանի «վերջի» բոլշևիկին պետք է դատել իշխանության յուրացման համար

«Карабахский» կլանի «վերջի» բոլշևիկին պետք է դատել իշխանության յուրացման համար

«Վերջի» բոլշևիկը

2014 թվականին Հանրապետական կուսակցության համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը, «Երկրապահի» անունից պարգևատրելով Սերժ Սարգսյանին մեդալով, ասաց. «Ապրե՛ս որ դու կաս, վերջի բոլշևիկ»։ Ասածի իմաստը դժվար չէր հասկանալ. ռոբասերժական կլանը այդ ժամանակ իր գլխավոր և «վերջի» պահապան էր համարում Սերժ Սարգսյանին։ Կլանը, որ «Ղարաբաղը պահելու» անվան տակ զբաղված էր երկրի թալանով, այդ ժամանակ վստահ էր Սերժ Սարգսյանի՝ երկիրը բռի մեջ պահելու ունակության վրա։ Երկրապահությունը, սահմանապահությունը վաղուց վերածված էր կլանապահության։ Հայրենասիրությունը իսկապես դարձնելով ստահակների վերջին հանգրվան, ռեժիմը երկու տասնյակ տարի շարունակ փորձում էր բոլորին ներշնչել, որ իրենք երկրի և Արցախի անվտանգության երաշխավորն են, հետևաբար ժողովուրդը որոշակի ըմբռնումով պետք է մոտենա իրենց գիշատչական ախորժակներին։ Առասպելը քանդվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ  մեր ամբողջ ժողովուրդը ամենայն պարզությամբ հասկացավ, որ հանուն հայրենիքի անվտանգության զոհաբերել է իր արժանապատվությունն ու իրավունքները, բայց որևէ անվտանգություն փոխարենը ձեռք չի բերել։

Վերջին բաստիոնը

Ի վերջո սկսվեց կլանի անկումը։ Հրաժարական տվեց «վերջի» բոլշևիկը։ Կլանը սակայն շարունակեց գոյության համար պայքարը, քանի որ վստահ էր՝ իշխանության մեջ բազմաթիվ «բաստիոններ» ունենալով, կարողանալու է կազմակերպել սաբոտաժը նոր իշխանությունների գործողությունների դեմ և պահպանել թալանածը։  Բայց դա էլ չհաջողվեց։ Հաջորդաբար ընկան նրանց «սահմանապահ» բաստիոնները. Երևանի քաղաքապետարանը, Ազգային Ժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, նոր իշխանության հետ սկսեց համագործակցել ՀՀ նախագահը։ Այս վիճակում կլանը շատ լավ գիտակցում է, որ մնացել է իր վերջին բաստիոնը՝ Սահմանադրական դատարանը, որի կորուստից հետո էլ փրկություն չունի։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը մեկ անձի անձեռնմխելիության հարց չէ, այլ իրականում ամբողջ ռոբասերժական կլանի անձեռնմխելիության հարցն է։ Կլանը շատ լավ հասկանում է, որ եթե Սահմանադրական դատարանը փակի Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու դուռը, ապա ռոբասերժական մաֆիայում կշարունակի գործել «omerta»-ն, այսինքն՝ հանցագործությունների մասին լռելու «օրենքը»։ Անձեռնմխելի Քոչարյանը ազատության մեջ, այն էլ հսկայական թալանված ռեսուրսներով հանդերձ, կդառնա մաֆիայի թալանի բացահայտման  գլխավոր և միակ երաշխավորը։ Ահա թե ինչու է կլանը ամբողջ հույսը դրել Սահմանադրական դատարանի վրա։ Հրայր Թովմասյանը այսօր կլանի համար դարձել է «վերջի բոլշևիկը», վերջին «սահմանապահը»։ Պատահական չէ, որ Թովմասյանը, վերարտադրելով իր կլանին հատուկ կեղծ «երկրապահական» խաբեությունը,  հենց այդպես էլ արտահայտվում է. «ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն»։   

Այս ամենի ֆոնի վրա նոր իշխանությունները իրենց պահում են մանկապարտեզի երեխաների նման։ Հետաքրքիր է, ո՞ւմ տկարամիտ խելքով է անցել Ազգային Ժողովի որոշում ընդունել և դիմել Սահմանադրական դատարանին, որ այն դադարեցնի Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Մի՞թե ի սկզբանե պարզ չէր, որ Սահմանադրական դատարանը ուղղակի կծաղրի Ազգային Ժողովին և կմերժի նրա դիմումը, ինչքան էլ որ այն հիմնավորված լիներ։ Այդ դիմումի միակ հետևանքը եղավ այն, որ Ազգային Ժողովը, դիմելով ՍԴ-ին, անուղղակիորեն հաստատեց, որ գործ ունի լեգիտիմ մարմնի հետ, ինչ բարդացնում է ՍԴ-ի վերակազմավորման հնարավորությունը նոր սահմանադրական լիազորություններով դատավորների նշանակման ճանապարհով։

Սակայն կա շատ ավելի կարևոր մի հարց։ Բանն այն է, որ, դառնալով ՍԴ նախագահ, Հրայր Թովմասյանը և նրան այդ գործում օգնած մի քանի բարձր պաշտոնատար անձ կատարել են իշխանության յուրացում։ ՍԴ- նախագահի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ էր վաղաժամկետ դադարեցնել նրա պատգամավորական լիազորությունները Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն։ Սակայն դա չի արվել. մանդատի փոխանցումը կատարվել է Ազգային Ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանի ապօրինի կարգադրությամբ և ԿԸՀ ապօրինի որոշմամբ։ Զուգահեռ, ժամկետից շուտ հրաժարական է տվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նման ապօրինությունների և շտապողականության միակ նպատակն է եղել այն, որ Հրայր Թովմասյանը կարողանա նշանակվի ՍԴ նախագահ մինչև 2018 ապրիլի 9-ը, տվյալ հարցը կարգավորող նոր Սահմանադրության դրույթի ուժի մեջ մտնելուց առաջ։ Ի վերջո Թովմասյանը ստանձնում է պաշտոնը ոչ թե 6 տարով, ինչպես նախատեսված է նոր Սահմանադրությամբ, այլ մինչև 65 տարեկան դառնալը, ինչպես գրված էր հին Սահմանադրությունում, այսինքն, ապօրինաբար երկարացնելով իր պաշտոնավարությունը մինչև 2035 թվականը։

Ինչպես տեսնում ենք Հրայր Թովմասյանը, ինչպես նաև իր հանցակիցներ Արա Բաբլոյանը, Տիգրան Մուկուչյանը և, բնականաբար, այդ ամենը հրահանգած Սերժ Սարգսյանը (գուցե նաև այլ անձինք, որոնց ինքնությունը դեռ քննությունը պետք է բացահայտի), չարաշահելով պաշտոնական դիրքը, կատարել են իշխանության յուրացում։ Սրա մասին ամիսներ շարունակ խոսել են ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Արմեն Խաչատրյանը, իսկ վերջերս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Իշխանությունները պետք է թարգեն մանկական խաղերը և քայլեր ձեռնարկեն վերջին իշխանության յուրացմամբ զավթած այս պաշտոնը «վերջի» կլանապահից վերադարձնելու ուղղությամբ, որի առաջին քայլը պետք է դառնա քրեական գործի հարուցումը վերոնշյալ անձանց դեմ։

Գաբրիել Թորգոմյան

P.S. Համարը նախապատրաստելիս լավ լուր ստացանք. ՀՔԾ-ն վերջապես այս գործով քրեական գործ է հարուցել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   6011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ