...

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Այսօր կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ: Այն անցել է առանց լրագրողների, քանի որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը դեմ են եղել, որ լրագրողները ներկա լինեն: Որպես հիմնավորում բերվել է պարետի որոշումը, որ արգելվում է 40 հոգուց ավել մի տարածքում հավաքվելը։ Այնուհետև առաջարկել են, որ լրատվամիջոցներից միայն մեկին տրվի լուսաբանման թույլտվություն, սակայն ԶԼՄ-ները մերժել են առաջարկը: Այնուհետև առաջարկել են, որ ԶԼՄ-ների նիստերի դահլիճում թողնեն իրենց տեսախցիկները, բայց լրագրող չլինի:

«ՉԻ». Բոլորդ էլ հիշում եք, թե ինչ հանգամանքներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտպանեց իր դիսերտացիան Ժողինստիտուտում: Թե ինչպես էին մի խումբ երիտասարդներ, որոնց ընդհանրական անվանեցին «սաքուլիկներ», խոչընդոտում, որ լրագրողները ներկա լինեն Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությանը: Ինչպես էին ծաղրում, ինչ գյադայություններ էին անում, ինչ լկտի պահվածք էին դրսևորում:

Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո նման երևույթները մեր բուհերում կվերանան: Չենք ասում, թե հիմա լրիվ նույն բանն է եղել, այս դեպքում «սաքուլիկներ» չեն եղել, բայց երևույթը՝ մեծ հաշվով, նույնն է: Իմանալով, որ հանրային հետաքրքրություն կա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի հանդեպ, փոխանակ ամեն ինչ անեն, որ նիստը մաքսիմալ լուսաբանվի, ճիշտ հակառակն են արել. արգելել են լրագրողներին ներկա լինել: Նրանց մուտքը դահլիճ թույլ չեն տվել: 

Ասում են՝ պարետի որոշում կա, ֆլան-ֆստան: Եթե գիտեիք, որ լրագրողներ են գալու, եթե գիտեիք, որ պարետի որոշում կա, բարի լինեիք, քայլեր ձեռնարկեիք, որ նիստը տեսագրվեր: Դժվա՞ր էր նախօրոք նիստերի դահլիճում մի քանի տեսախցիկ դնել, ապահովել ուղիղ հեռարձակում, լրագրողները հետևեին նիստին: Ինչպես Ազգային Ժողովում է արվում: Ու ոչ մի խնդիր չէր առաջանա, ոչ ոք չէր դժգոհի: Չեն արել: Չեն ցանկացել: Ինչո՞ւ չեն ցանկացել, չգիտենք: Պետական գաղտնիք պարունակող մտքեր այնտեղ չէին հնչելու: Ու ստացվել է, որ ԵՊՀ-ում գաղտնի նիստ են արել: Այնպես, ինչպես ժամանակին՝ Տնտեսագիտական համալսարանում: Лиха беда начало: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ