Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին:
«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- ասված է հայտարարության մեջ:
«ՉԻ». Նշենք, որ Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Մնում է հասկանալ, թե Գարեգին Բ-ն ե՞րբ կբարեհաճի իր զորակցությունը հայտնել երկրի քաղաքական ղեկավարությանը: Մի կողմ կդնի անձնական նեղվածությունը և շահերի բախումը ու աշխարհին և մասնավորապես թշնամուն կցուցադրի, որ եկեղեցին այսօր պետության ու ժողովրդի կողքին է: Լավագույն պահն էր, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը ցույց տար, որ ինքը, եթե անգամ ինչ-ինչ պատճառներով նեղսրտած է վարչապետից, կարող է մեծահոգություն ցուցաբերել, քրիստոնեաբար ներել և զանգահարել նրան:
Թե՞ անպայման պետք է հարցը Քոչարյանին վերաբերի, որ Գարեգին Բ-ն իր քրիստոնեական համերաշխությունը արտահայտի խոցելի խմբերում գտնվողների նկատմամբ:
Եկեղեցու պատմությունը առանձին անցնելու անձնուրաց պայքարի փոխարեն կարելի էր նույն աշակերտներին ցույց տալ, որ օրհասական պահին հայ եկեղեցին և նրա առաջնորդը կանգնած են պետության կողքին:
Այլապես ստացվում է, որ իսկապես Հայ եկեղեցու պատմությունը պետք է տարանջատվի Հայոց պատմությունից: Ուսումնասիրվի իբրև մի կառույցի պատմություն, որի շահերը միշտ չէ, որ համընկել են պետության շահերի հետ: