«ՉԻ» զրուցակիցն է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, որը, անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացման թեմային, նշեց. «Հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում համաշխարհային շուկայում, կարելի է փաստել, որ գազի գնի պահպանումը սահմանին 2019 թվականի մակարդակով, ձախողում է»:
- Պարոն Դավթյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ, գազի գնի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ի՞նչ հետևություններ կարելի է անել այդ հայտարարությունից: Ինչո՞ւ առաջինը սակագնի բարձրացման հայտի մասին խոսեց հենց այն ոլորտի պատասխանատուն, որն ի պաշտոնե կոչված է կանոնակարգել գնաճը:
- Նախ փաստենք, որ գազի սակագինը չի կարող բարձրանանալ նաև տեխնիկական պատճառներով, որովհետև գործող կանոնակարգի համաձայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պետք է ներկայացվի համապատասխան հայտ: Հայտը կարող է քննարկվել երեք ամսվա ընթացքում և դրական որոշում կայացնելուց հետո միայն մեկ ամիս անց սակագինը կարող է ուժի մեջ մտնել: Այսինքն, 120 օր մաքսիմալ ժամկետը հաշվի առնելով՝ մենք կարող ենք փաստել, որ ապրիլի մեկից և ամբողջ գարնանը պետք չէ սպասել գազի սակագնի բարձրացում:
- Բանակցային գործընթացները ո՞ր փուլում են, շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ:
- Մենք այս հարցը կարող ենք բաժանել երկու հիմնական բաղադրիչի՝ գազի գինը սահմանին և գազի սակագինը երկրի ներսում: Ինչ վերաբերում է սահմանին գազի գնին, ապա մենք այստեղ կարող ենք արձանագրել բանակցային գործընթացի լիարժեք պահպանում, քանի որ «Գազպրոմ» ընկերությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի ամբողջ ընթացքում շարունակելու է Հայաստան գազ մատակարարել 2019 թվականին գործող գնով՝ այսինքն 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Մինչդեռ համաշխարհային շուկայում առկա միտումներն ու գործընթացները ստեղծել են մի իրավիճակ, որ հակառակը, կարող է հանգեցնել սահմանին գնի նվազեցման:
- Կմանրամասնեի՞ք:
- Պետք է նշեմ, որ ռուսական գազի գինը ամբողջ աշխարհում կտրուկ նվազում է, մասնավորապես՝ Եվրոպայում, որը ռուսական գազի համար մեկ սպառողն է և գազի գին էլ աննախադեպ ցածր է՝ 120 դոլար: Այս իրավիճակից բավական հմտորեն օգտվում են մի շարք պետություններ, որոնք Ռուսաստանից գազ են ներկրում:
Ինչ վերաբերում է երկրի ներսում սակագնին, ապա ակնհայտ է, որ դեռ 2019 թվականի հունվարի 1-ից մենք կարող էինք ակնկալել երկրի ներսում սակագնի բարձրացման սցենարի իրականացում:
- Ինչի՞ մասին է խոսքը:
- Եթե հետևում ենք 2019 թվականի «Գազպրոմ Արմենիայի» գործունեությանը, ապա այն բավական կոշտ հռետորաբանությունը, որով հանդես էր գալիս ընկերության ղեկավարությունը, առ այն, որ սահմանին գնի բարձրացումը 15 դոլարով չի կարող չհանգեցնել երկրի ներսում սակագների վերանայման: Ընկերությունը անգամ սպառնում էր իր հաստիքակազմը կրճատել շուրջ հազար միավորով: Խոսակցություն էր գնում ներդրումային ծրագիրն արմատապես վերանայելու վերաբերյալ և հաշվի առնելով այս գործընթացները, ինչպես նաև մեր երկրի ներսում սպառման ոչ այնքան բարենապաստ դինամիկան, ինչպես նաև 2013 թվականի հայտնի գազային համաձայնագրերի հիմքում դրված բիզնես մոդելը, որով կառավարվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ իհարկե գնալով ավելի դժվար է դառնում երկրի ներսում ապահովել սոցիալակենտրոն կամ ցածր սակագնային քաղաքականություն: Մոդելի հիմքում դրված է մասնավորապես եկամտաբերության 9 տոկոս ցուցանիշը, որը պետք է ընկերությունը ապահովի ստեղծված իրավիճակում ներդրումային պարտավորությունների պայմաններում: Բնականաբար Գազպրոմը դժվարանում է այդ ցուցանիշն ապահովել:
- Ո՞րն է խնդիրը:
- Այստեղ խնդիրը բացառապես «Գազպրոմ Արմենիա»-«Գազպրոմ» մայր ընկերություն-Հայաստանի Հանրապետության կառավարություն եռակողմ հարաբերությունների դիրքում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայումս գրեթե չունի լծակներ Գազպրոմի կառավարչական գործընթացներին մասնակցելու և առհասարակ ազդելու երկրում իրականացվող էներգետիկ քաղաքականության վրա:
- Պարոն Դավթյան, հայտնի է, որ ազգաբնակչության և տնտեսվարողների համար տարբեր սակագներ են, եթե թանկացում լինի, ի՞նչ հարաբերակցությամբ է դա արվելու:
- Հայաստանի Հանրապետությունում առկա է սպառողների երեք սեգմենտ՝ բնակիչ, տնտեսվարող սուբյեկտ և սոցիալապես անապահով խավ: Իսկ մենք այսօր հաշվի առնելով այն մակրոտնտեսական ցուցանիշները երկրի ներսում, կարող ենք ակնկալել սակագնի մինչև 10 տոկոս համաչափ բարձրացում բոլոր երեք սեգմենտների համար: Հնարավոր է՝ ինչ-ինչ լծակներ գործարկվեն սոցիալապես անապահով խավի համար գինը նույն մակարդակում թողնելու համար, բայց ինչ վերաբերում է բնակչությանը և տնտեսվարողներին, ապա ակնհայտորեն երկու դեպքում էլ մենք ունենալու ենք 10 տոկոսանոց աճ: Ինչպես գիտենք, բնակչությունը 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է մոտավորապես 290, իսկ նեղ սեգմենտը՝ տնտեսվարողները՝ մոտ 250 դոլար: Երկու դեպքում էլ կարող ենք ակնկալել մինչև 10 տոկոս սակագնի բարձրացում:
- Իսկ հնարավո՞ր է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հակասի ինքն իրեն և մերժի գազի սակագինը վերանայելու հայտը:
- Կարող ենք դիտարկել նաև այդ տեսանկյունից: Բնականաբար, կարող է, բայց մերժումը կնշանակի տվյալ դեպքում շարունակել պարտքի կուտակման բավական վտանգավոր քաղաքականությունը, որն իրականացվում էր վերջին տարիների ընթացքում, մասնավորապես 2019 թվականին: Ըստ որոշ փորձագիտական հաշվարկների՝ 2019 թվականի ընթացքում մենք կուտակել ենք շուրջ 30 միլիոն դոլար պարտք այն բանի պատճառով, որ սահմանին գազի գնի բարձրացման պարագայում ներսում սակագինը մնացել է նույնը: Ակնհայտ է, որ այս քաղաքականության շարունակությունը բերելու է պարտքի շարունակական կուտակման: Իսկ սա ընթացիկ սոցիալ-տնտեսական որոշակի կայունություն կարող է ապահովել, բայց երբ տեղափոխվում ենք միջնաժամկետ ռազմավարական տիրույթ, այստեղ խնդիրներն անխուսափելի են լինելու: Շատ լուրջ խնդիրներ, որոնք բացասական հետևանք են թողնելու ամբողջ տնտեսության, սոցիալական անվտանգության և ի վերջո քաղաքական կայունության վրա:
Մելանյա Ծառուկյան