...

«Գործը» կփլվի, ինչպես ավազից սարքած տնակը

«Գործը» կփլվի, ինչպես ավազից սարքած տնակը

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը անտրամաբանական և անտեղի է համարում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալությունը: «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով կատարվածին` Աշոտ Սարգսյանը նշեց. 

- Նախ ասեմ, որ տեղին չէր որպես խափանման միջոց Գևորգ Սիմոնյանին կալանավորելու փաստը: Փոխքաղաքապետը հաճախում էր աշխատանքի, մտադրություն չի ունեցել հեռանալ երկրից, ու նրան ձերբակալելու պատճառ ամենևին չկար: Ըստ իս՝ սովորաբար կալանքը կիրառում են այն դեպքում, երբ մտավախություն են ունենում, որ տվյալ անձը կարող է պատասխանատվությունից խուսափելու համար լքել երկիրը:

Ես չեմ ուզում նախաքննական մարմից առաջ ընկնել և գնահատականներ տալ կատարվածի առնչությամբ Գևորգ Սիմոնյանի դերակատարությանը, սակայն ինչքանով տեղեկացված եմ՝ նա՝ որպես պաշտոնյա, նախնական վարկածով մեղադրվում է այն բանի համար, որ չի նկատել համակարգում եղած խնդիրը:

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը մշտապես, առիթ-անառիթ խոսում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն ականատես ենք լինում փաստի, որ հենց իր թիմակիցներն են մեղադրվում կոռուպցիայի և բյուջեի գումարները մսխելու մեջ:

- Կոնկրետ այս դեպքով մեղադրելը մի փոքր հարաբերական է: Կարծում եմ՝ խնդիրն առավելապես սխալ ինֆորմացիոն հոսքն է:

Երբ կատարվում էր Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությունը, ես անձամբ եղել եմ քաղաքապետարանի շենքում, նրա աշխատասենյակի մոտ: Ու պատկերացրեք իմ զարմանքը, երբ խուզարկությունից րոպեներ անց համացանցում կարդում եմ, որ իբր է՛լ ԱԱԾ-ն է խուզարկություն կատարել, է՛լ դատախազությունը, և այսպես շարունակ: Հետո լուրերը ավելի փքվեցին. է՛լ ընտրական ցուցակ են գտել, է՛լ... տարբեր բաներ: Զարմացանք, որ չեն գրել, թե փչովի տանկ են գտել: Հեշտ է առանց փաստերին տեղյակ լինելու դառնալ դատավոր ու մեղադրել մարդուն, ում մեղավորությունը դեռ ապացուցված չէ դատարանով ու դժվար էլ ապացուցվի: Մոտ երկու տարի աշխատել եմ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ և ավելի քան վստահ եմ, որ այդ «գործը» կփլվի, ինչպես ավազից սարքած տնակը: Կրկնում եմ՝ չկա որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին,:

- Այսինքն՝ իրավապահների կողմից կատարված գործողությունները հանիրավի՞ են, շոու՞, կամ գուցե վրե՞ժ (քինախնդրության դրսևորո՞ւմ):

- Ամենևին այդ նկատի չունեի: Շատ նորմալ է, և ես դրական եմ գնահատում պետական գումարների ծախսի վերահսկումը: Համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը արդարացվելու է. ես նրա հետ բավական երկար ժամանակ աշխատել եմ, շատ լավ ճանաչում եմ նրան և նրա պատասխանատու մոտեցումը կատարած աշխատանքին: Սպասենք իրավապահների գնահատականին:

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Նկատենք, որ Գևորգ Սիմոնյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Այսօր նույն աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ պետությանը հասցված 119 միլիոն դրամ վնասի համար Գևորգ Սիմոնյանը ևս 10 անձի հետ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   109037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ