Քաղաքագետ Արա Պապյանը գտնում է, որ Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները կազմակերպել են այդ երկրի իշխանությունները, ի թիվս մի քանի այլ խնդիրներ լուծելուն զուգահեռ նաև այն նպատակով, որ հայերը մոռանան 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը և հաջորդ տարի չհիշեն նրա մասին:
«ՉԻ». Ռուսաստանի իշխանություններին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց միայն Պապյանի մտքով նման բան կանցնի: Իրեն թվում է, թե իրենից բացի աշխարհում էլի կան մարդիկ, որոնք հավատում են 100 տարվա պայմանագրերի դենոնսանցիայի կամ հակառակը՝ կրկին 100 տարվա պայմանագրերի վերակենդանացման հնարավորությանը:
Առավել մանիպուլյացիոն է զուգահեռը, թե անցած դարի սկզբում հայ-թաթարական բախումները ցարական իշխանությունն էր կազմակերպել, ուստի հիմա նույն ձեռագիրն է: Այդ բախումները կազմակերպվել էին մետրոպոլիայի ծայրամասում՝ Այսրկովկասում, և չէին վտանգում մայրաքաղաքի և բուն Ռուսաստանի անդորրն ու անվտանգությունը:
Հիմա իրավիճակը լրիվ այլ է: Եթե հայ-ադրբեջանական բախումները ուժգնանան, հայերից ու ադրբեջանցիներից բացի, տուժելու են նաև Ռուսաստանի այլ քաղաքացիներ, տուժելու է այդ երկրի տնտեսությունը և հասարակական կարգը: Ռուսաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս իշխանություններին, եթե անգամ շատ ցանկանային, գնալ նման արկածախնդրության:
Ճիշտ է, Տիգրան Խզմալյանը գտնում է, որ Արա Պապյանը մեծ դիվանագետ է, բայց նման վերլուծություններից հետո կարելի է գալ եզրահանգման՝ Պապյանը շատ հաճախ է փախել դասերից և իր մոտ շատ բացեր կան հատկապես պատմությունից:
Պատահական չէ, որ գրառման ներքո արված մեկնաբանություններում օգտատերերը Պապյանին խորհուրդ են տալիս սուրճի բաժակ նայելու գրասենյակ բացել: Ի վերջո, նրա վերլուծական կարողությունները նրան թույլ են տալիս նաև այդ ասպարեզում հաջողություններ գրանցել: