...

Համակարգային փոփոխություննե՞ր, թե՞ կադրային ջարդ

Համակարգային փոփոխություննե՞ր, թե՞ կադրային ջարդ

2020 թվականի փետրվարի 1-ին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարբեր մարզերում գործող հանձնաժողովների շուրջ 50 աշխատակիցներ առանց հիմնավորման ազատվեցին աշխատանքից: Նրանցից 14-ը դիմեցին դատարան, 6-ը վերականգնվեցին աշխատանքում, սակայն մյուս աշխատակիցների հարցով դեռ որոշում չի կայացվել: 

«ՉԻ» խմբագրություն ահազանգած աշխատակիցները դժգոհելու շատ պատճառներ ունեին. մարզերում դժվար է աշխատանք գտնելը, իրենցից շատերը ընտանիքի միակ կերակրողն են, մինչդեռ գործազուրկ դառնալով՝ համալրել են սոցիալապես անապահով մարդկանց շարքերը: Արագածոտնի ԲՍՓՀ-ի Աշտարակի տարածաշրջանի բուժվիճակագիր Անուշ Գալստյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի այն ժամանակվա փոխնախարար Գեմասիմ Գասպարյանի հավանությամբ և Բժշկասոցիալափորձագիտական հանձնաժողովի գործակալության համակարգող Իզաբելա Մուրադյանի թեթև ձեռքով ինչ-որ վայ-նորարարության արդյունքում գործակալության շուրջ 50 աշխատակից զրկվեցին աշխատանքից միայն այն բանի համար, որ աշխատանքի էին ընդունվել նախկին կառավարության օրոք: Գալստյանի դիտարկմամբ՝ «գործի մեջ առկա է «սևեր և սպիտակներ» օպերացիան»: Իսկ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի Վանաձորի տարածաշրջանի բուժվիճակագրի խոսքով՝ գործակալությունում հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ ինքը երկարատև բուժում է անցնում Ուռուցքաբանության ինստիտուտում, գտնվում է անաշխատունակության արձակուրդում, և հեռացրել են աշխատանքից: Աշխատակիցներին վրդովեցրել է նաև անհավասար, ընտրողական արդարադատությունը. եթե դատարանը վերականգնել է գործընկերներից մի քանիսին, և արդարությունը հաղթանակել է, ապա ինչու մնացած աշխատակիցներին հանուն արդարության չեն վերականգնում իրենց աշխատանքում: 

Անուշ Գալստյանի հավաստմամբ՝ առողջական խնդիրների պատճառով ինքը չի հասցրել երկամսյա ժամկետում դիմել դատարան: Որոշ աշխատակիցներ էլ չեն հավատացել, որ դատարանը չեղյալ կհամարի նախարարի հրամանը և կվերականգնի իրենց նույն աշխատանքում, այդ պատճառով ուշացրել են դիմում-հայտ ներկայացնել դատարան: 

«Ղեկավարությունը մեզ ապակողմնորոշեց: Ասացին՝ նորից ռեզյումե ներկայացրեք, մենք կկանչենք ձեզ: Սակայն արդյո՞ք այսպիսով պիտի սպառվեն խախտված իրավունքների վերականգնման բոլոր հնարավորությունները... Մենք դիմել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին, և նա խնդիրը բարձրաձայնել է խորհրդարանի ամբիոնից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարզաբանում տալու փոխարեն  ի պատասխան հայտարարեց, թե ընդամենը համակարգային փոփոխություններ են կատարել: Սրբուհի Գրիգորյանը մեր բողոք-նամակով դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Վերջինս ապրիլի 30-ին գրությամբ տեղեկացրել է, որ նամակը քննության է առնվել, և արդյունքների մասին կտեղեկացնեն: Ապրիլի 30-ից անցել է ավելի քան երեք ամիս, բայց գործազրկության դատապարտված աշխատակիցներս առայժմ որևէ պատասխան չենք ստացել»,- ասում է ԲՍՓՀ գործակալության նախկին աշխատակիցը:

Գործազուրկ դարձած աշխատակիցները պատրաստվում են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք պնդում են, որ հեշտությամբ չեն հանձնվի և իրենց բողոքը հասանելի կդարձնեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
«Մենք մեր երկրի քաղաքացիներն ենք և վճռական ենք տրամադրված, որ մեր իրավունքը ոտնահարող չինովնիկները պատասխան տան: Թույլ չենք տա, որ ոմանց կամայական գործողությունների արդյունքում ստվերվի արդարադատությունը»:  

Հ.Գ.Մենք փորձեցինք խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՄԻՊ գրասենյակի մամուլի պատասխանատու Նունե Հովսեփյանից: Ի պատասխան, նա նշեց. «Գործն ընթացքի մեջ է, բայց մանրամասներ փոխանցել չենք կարող»: 

Տևական ժամանակ  անհասանելի են Աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի և ՓՍԲ գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Մկրտչյանի հեռախոսները:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ