«Չորրորդ իշխանության» զրուցակիցն է հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը
- Պարոն Պասկևիչյան, կարճ ժամանակ աշխատեցիք Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունների խորհրդում: Ըստ Ձեզ, ո՞վ է դե ֆակտո ղեկավարում Հանրայինը:
- Հանրայինը դե ֆակտո ղեկավարում է Բաղրամյան 26-ի ուրվականը՝ մի կնոջ ձեռքով, որից վաղուց պետք էր մատնահետք վերցնել։
- Հ1-ի չարաշահումների փաստերով քրեական գործ կա հարուցված, երեկ էլ պարզվեց, որ Հանրայինի հեռուստաարտադրանքն ԱՄՆ-ում վերահեռարձակելու համար «ՊանԱրմԻնք» ընկերությունը տարիների ընթացքում չնչին գումարներ է վճարել Հ1-ին, ընդ որում հեռարձակում իրականացնող ընկերության ընտրությունը մրցույթով չի կայացել: Երկրում չարաշահումների, կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված իշխանության տոլերանտ վերաբերմունքը Հ1-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ:
- Իշխանությունները չեն կարողանում (կամ՝ չեն ուզում) որսալ վերը նշված ուրվականին։ Բայց դա բարդ չէ. պարզապես պետք է կարդալ «Հետք»-ի մի քանի հրապարակումները և եզրակացություններ անել, թե ո՞վ է եղել Սերժ Ազատիչը՝ բառի բուն, այսինքն՝ libertador իմաստով։
- Ի՞նչ նկատի ունեք։
- Նկատի ունեմ 174 միլիոնի չարաշահումը, որն Ազատիչը ներել է՝ հանձնարարելով փոխհատուցել կառավարության պահուստային ֆոնդից։
- Արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանում հաղթել է հեղափոխությունը: Հեղափոխության շունչը Հ1-ում զգացվե՞լ է, այն այժմ իրապես սպասարկում է հասարակության շահերը:
- Երբ վարչապետն այցելում է Հ1 և այդ տարածքում շնչում է, հեղափոխության շունչը զգացվում է, բոլոր մյուս դեպքերում նույն գաղջն է։
- Նոր եթերաշրջանին ընդառաջ Հ1-ը հեռուստանախագծերի մրցույթ էր հայտարարել, արդեն իսկ ընտրվել են հաղորդումները: Դուք մտահոգություն էիք հայտնել ձևավորված գեղխորհրդի վերաբերյալ և առաջարկել հրապարկել ստացված նախագծերի ամբողջական ցանկը: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է Հ1-ում արդար մրցույթ տեղի ունեցած լինի:
- Արդար մրցույթ եղած լիներ, ընտրված նախագծերի ցանկը կհրապարակեին։ Մրցույթ, մրցել, մրցակցություն և «մրց»-ով սկսվող մյուս բառերը Հ1-ի բառարանում ներառված չեն։ Դրա համար էլ էժանով ու բիրիքով հեռարձակման իրավունք են ծախում, իսկ նախագծերն ընտրում են շուկայում մալաչա տանձ ջոկելու եղանակով։
Մանյա Պողոսյան