Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար՝ ՔՊ-ից Մարիա Կարապետյանը հաստատել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Եվրանեսթի բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որը չի բխել Ռուսաստանի շահերից։ Հայաստանի պատվիրակությունից միայն Կարապետյանն է ներկայացված բյուրոյի կազմում։ Վերջինս, սակայն, հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է քվեարկել։ «Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ես կողմ չեմ քվեարկել: Բանաձևի բովանդակությունը այսօր խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, կհրապարակվի, կծանոթանաք»,- ասել է նա՝ շրջանցելով հարցապնդումները բանաձևի բովանդակության մասին։ Իր քվեարկության մասին էլ վերջինս հավելել է․ «Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը իմ մղումների հիմքում են, և ես դա վերլուծելով եմ թե՛ ելույթներ ունեցել, թե՛ քվեարկել»:
Հավելենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Փաշինյանն էլ իր հերթին է Պուտինին հրավիրել Հայաստան: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Դժվար է ասել՝ Հայաստանը հրապարակային դիրքորոշում կհայտնի սպասվելիք հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո։ Մի բան հաստատ է՝ դիրքորոշում հայտնելուց խուսափել դժվար թե ստացվի։ Մինչ այս պահը ՀՀ իշխանությունները չեն արձագանքել ուկրաինական դեպքերին։ Իշխանական պատգամավորները խուսափում են այս հարցով տեսակետ հայտնելուց, ասում են՝ դեռ չենք քննարկել իրավիճակը, կքննարկենք, որոշում կկայացնենք, կխոսենք։ Ընդդիմադիրներն էլ լուռ են։ Միայն ընդհանուր ձևակերպումներ են տալիս, որոնցից ինչ-որ բան կռահելը դժվար է։ Հստակորեն արտահայտվել է «5165 շարժում»-ը, որը հենց սկզբից համաձայնություն է հայտնել Պուտինի այն գնահատականին, որ բոլշևիկները և մասնավորապես՝ նրանց առաջնորդ Լենինը, խորհրդային պետության ստեղծման շրջանում խիստ բացասական դեր են խաղացել նախկին Ռուսական կայսրության ազգային հարցում։ Ըստ այդմ՝ «հայ ժողովուրդը մեծապես տուժել է այն քաղաքականությունից, որը ուղղված էր զուտ բոլշևիկյան ռեժիմի պահպանմանը և անտեսում էր ազգային հարցերի արդարացի լուծումը։ 1988թ․ մեկնարկած Արցախյան շարժումը բոլշևիզմի գործած աններելի սխալների հանդեպ արցախցիների արձագանքն էր ու այդ սխալներն ուղղելու տաժանակիր փորձը, և այն խնդիրները, որոնք Վլադիմիր Պուտինը մատնանշեց Դոնբասի առնչությամբ, էլ ավելի ակնառու են Արցախի հարցում»,- ասված է հայտարարությունում։ Այսօր արդեն, «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն է միայն այս պահին երաշխավորում Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը վերջնականապես հայաթափելուն ուղղված ակնհայտ քայլերը՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և վերջինիս հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր, որոնք Արցախի բնակչության անվտանգության իրական երաշխիք կարող են հանդիսանալ»,- նշված է հաղորդագրության վերջաբանում։
Սպասենք քաղաքական կուսակցությունների հայտարարություններին։ Տեղի ունեցածը ինչպե՞ս կիրացվի Հայաստանում, ի՞նչ նոր մարտահրավերների կամ հակառակը՝ հնարավորությունների առաջ կկանգնի Հայաստանը՝ կերևա առաջիկայում։ Մինչ այդ ահագին անհարմար վիճակում ենք՝ Արևմուտքի ու ստրատեգիական գործընկերոջ արանքում։
Գոհար Վեզիրյան