...

Հեղափոխության «կորոնավիրուսը»

Հեղափոխության «կորոնավիրուսը»

Մեր իրավապահները բառացի են հասկացել Փաշինյանի «թալանածը վերադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ» արտահայտությունը։ Ընդհանրապես, այդ իմաստով այնպիսի տպավորություն է, թե իսկապես վերադարձնում են «կոպեկ առ կոպեկ»։ Ավելին, տպավորություն է, թե Փաշինյանն ինքն է այդ «կոպեկներն» անձամբ գտնում ու վերադարձնում։ Որովհետև տեմպերն այնպիսին են, որ բյուջեն ավելի շատ այս տարի համալրվել է ոչ թե հեղափոխությունից առաջ գողացածը վերադարձնելու հաշվին, այլ վերջին երկու տարում չթալանածի հաշվին։ Ինչ-որ ուժեր շատ հանգիստ են տանում այս փաստը։ «Պարզ» երևում է, որ ժամանակին գողանում էին այլ փողեր, որոնք բյուջեին չէին «խփում», իսկ այսօր չեն գողանում բոլորովին այլ փողեր, որոնցից բյուջեն չի շահում։ Եվ որքան շատ է Փաշինյանն ասում, որ վերադարձնելու ենք «քյաբաբ առ քյաբաբ», այնքան հովվերգության «կորոնավիրուսն» ավելի է տարածվում իշխանության վերնախավում։ Ո՞ւմ ես ասում, այ մարդ։ Հետաքրքիր է՝ վերադարձնողներն ովքե՞ր են, ումի՞ց են վերադարձնելու։ Հենց այս տեմպերով էլ վերջին երկու տարում քրեական գործեր են հարուցվում։ Թվում է, թե ի՞նչ է եղել՝ բոլոր մեղավորների հետևից էլ իրավապահները գնալու են։ Բայց, ինչպես ավելի ուշ է պարզվում, «զենքերն օրինական են եղել»։ 

Տղերք, այս տեմպերով դուք մեզ համոզելու եք, որ Հանրապետականի օրոք բացի մի քանի մանր-մունր հանցագործությունից, դատապարտելի ուրիշ ոչինչ չի կատարվել։ Մի քիչ էլ, ու մենք ինքնուրույն կհասկանանք, որ մեզ իսկապես ոչ ոք չէր խնդրել հեղափոխություն անել։ Այսօր էլ, ինչպես նախկինում, կատարվում և գերակատարվում են պլաններ։ Այսօր էլ, ինչպես նախկինում, բռնվում են հանցագործներ։ Միակ տարբերությունը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի բանտում գտնվելն է։ Մեկ էլ կոռուպցիայի դեմ անողոք պայքարը։ Հա, մեկ էլ այն, որ փողոցում ընդդիմություն կա, որի վրա ժողովուրդը իսկի թքած էլ չունի։ Բայց դրանից իշխանությունն ավելի լավը չի դառնում։ Ավելին, իշխանության հանդեպ ժողովրդի հավատն ավելին է, քան իշխանությունը հասկանում է, թե ինչ հավատ է դա։ Դրանից ժողովրդի հավատը չի պակասում։ 

Ի՞նչ է կատարվում այսօր։ Բանակում կրկին բոլոր սպանությունները սղացվում են ինքնասպանության տակ, Ռուբեն Հայրապետյանը խոստանում է ոտքերը մաքրել իրավապահների վրա, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ինքնասպանություն գործում ու չկա այն հարցի պատասխանը, թե նրանց ի՞նչ մեղու կծեց։

Որտե՞ղ փնտրել շան գլուխը։ Պատասխանը պարզ է՝ շան գլուխ չկա։ Իշխանությունը վերածվում է իր իսկ իմիտացիային։ Ռուբեն Հայրապետյանը հենց այդ իմիտացիան է տեսել, որ խոստանում է «մի գեղեցիկ օր ոտքերը մաքրել» բոլոր նրանց վրա, որոնք իր «սառեցված բեսպրեդելն» արթնացրեցին։ Ինքն իրեն ավելի առողջ է տեսնում, քան՝ իշխանությանը։ «Վատիկանյան» մեդիան պակաս «սրատես» չէ: Պարզ հասկացել են, որ այս պետության մեջ կարգին հենակետ չունեն և գտել են, թե ով է իրենց աջակիցը՝ հենց իշխանությունը։ Երևի միայն Փաշինյանն իրենց աջակից չէ։ Մնացածը կամա թե ակամա սպասարկում են այդ մեդիան։ Այսինքն, բոլոր խաղաքարտերը ներկայացնում են այդ մեդիային։ Վերջինս չի էլ հասցնում ենթադրել, թե որն է Փաշինյանի կառավարության հաջորդ ձիու քայլը։ Նոմենկլատուրան բաց խաղաքարտերի նման պատմում է ամեն ինչ։ Որովհետև նոր իշխանությունը աշխատանք է։ Եվ այդ աշխատանքը հարիր չէ նույնիսկ նոր իշխանության որոշ ներկայացուցիչների։ Որովհետև կբացահայտի շատերի անճարությունը։ Սա գիտի՞ Փաշինյանը։ Միայն կարող ենք ենթադրել։ Փաստն այն է, որ նույնիսկ նա ճիշտ չհասկացավ, թե ինչեր կարելի էր սպասել հանուն հեղափոխության «քայլողներից»։ Նա տեսավ շատերի հիացմունքը և չցանկացավ այդ հիացմունքը տարանջատել պետության մարտահրավերներից։ Իսկ դրանք հաճախ նրա հանդեպ հիացմունքի հետ չէին խոսում։ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն անձամբ էր առաջնորդում այդ հիացմունքը «վաճառողներին»։ Եվ հանգիստ իրեն զոհաբերեց հակահեղափոխության վաղվա օրվան։ Որպեսզի դառնա հակահեղափոխության Նիկոլ Փաշինյանը։ 

Հեթում Մարտիրոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ