Երեկ ՀՀ վարչապետն անդրադառնալով սուպերվարչապետական համակարգին, հայտարարել է, որ այն չի կարող գործել ժողովրդավարական պայմաններում։ Վարչապետը դա բացատրել է նրանով, որ այսօր ժողովուրդն է որոշում, թե ով գա իշխանության։
Ինչպես երեկ Փաշինյանն էր ասում Մարուքյանի մասին, ինքն էլ ինչ-որ բան տեղը չի բերում։ Սուպերվարչապետական համակարգն իսկապես չի կարող գործել ժողովրդավարության ժամանակ, բայց այն չի կարող գործել ժողովրդավարության մեջ։ Իսկ այսօր մենք ապրում ենք հեղափոխության պայմաններում, որտեղ բոլորովին այլ առաջնահերթություններ կան։ Թույլ քաղաքական կուսակցություններ և ուժեղ, լեգիտիմ իշխանություն։ Մենք ոչ թե ժողովրդավարության մեջ ենք այսօր, այլև՝ հեղափոխության։
Հեղափոխությունը ոչ ժողովրդավարական է, ոչ էլ հակաժողովրդավարական: Ժողովուրդն ուզել է և ազատվել է ոչ թե Սերժ Սարգսյանի սուպերվարչապետությունից, այլ հենց Սերժ Սարգսյանից: Իսկ սուպերվարչապետությունը մնացել է: Հեղափոխության ժամանակ ժողովուրդը բղավում է գլխավոր հրեշից ազատվելու մասին, չի ասում` էդ հրեշի հարմարություններն ուզում ենք վայելի մեր թեկնածուն։ Հեղափոխությունն առաջնորդել է Նիկոլ Փաշինյանը և նա անձամբ վերցրել է իշխանությունը։ Լավ է արել, բայց ինքն էլ է ասել, որ Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով։ Իսկ այսօր Սահմանադրության տառից ու ոգուց այլ բա՞ն է փոխվել։ Ոչ, նույն տեքստն է։ Եվ այսօր բնավ էական չէ, թե ով է ՍԴ նախագահը և ինչ գրիչ է նվիրել վարչապետին, և ամենակարևորը ինչպես է այդ առիթով քծնել նրան։
Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարվել սուպերվաչապետությունից և հեգնում է բոլորին, որոնք նրան հիշեցնում են, որ, ընկեր, Սերժի հագով կարված կոստյումը մոռացա՞ր։ Վարչապետն ասում է, որ իր կոստյումը Սերժ Սարգսյանի կոստյումից տարբերվում է նրանով, որ իր կոստյումի մեջ միլիարդներ չկան, որոնք ինքը կարող է օգտագործել ընտրակաշառք բաժանելու համար։ Մեր խնդիրը հիմա դա չէ, հլա ու հեղափոխությունից հետո ընտրակաշառք բաժանելու փող լիներ նրա գրպաններում։ Այդ պայմաններում ի՞նչ էական է՝ կառավարման համակարգը սուպերվարչապետակա՞ն է, թագավորակա՞ն, բռնապետակա՞ն, թե նախագահական։ Մեզ ինքնին կոստյումը չի ոգևորում։ Այո, Սերժ Սարգսյանից ազատվել ենք, բայց, կներեք բայղուշության համար, Սերժ Սարգսյանը կարող էր նաև մեռնել։ Լենինը մեռել էր, մինչ նրա գործը շարունակվում էր։ Այսօր Սերժ Սարգսյանի «ստեղծագործությունը»՝ «Ապրիլյան թեզիսները», այս Սահմանադրությունն է։
Եթե հեղափոխությունն անգամ բյուրեղացվի այնպես, որ փոխվի կառավարման գլխին նստածների լրջության աստիճանը, այսինքն, ավելի քիչ մուննաթ գան, ավելի քիչ խոսեն Քրիստոսից հետո աննախադեպ բաների մասին, սուպերվարչապետությունը կա և նա անելու է իր սև գործը։ Փաշինյանը մոռացել է կամ չի նկատել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել ոչ թե Սահմանադրության «ընդունման» առիթով, այլ որ Սերժ Սարգսյանն ուզում էր ցմահ կառավարել։ Իսկ ցմահ կառավարելու համար ստեղծում են «հուսալի» Սահմանադրություն, հետո կոնկրետացնում են այդ «հուսալիության» գործիքները։ Հիմա վարչապետը սկուտեղի վրա ստացել է և այդ Սահմանադրությունը և գործիքները։ Ի՞նչ է նշանակում՝ այսօր իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա։ Բայց չէ՞ որ հեղափոխությունը հենց դրանով էլ տարբերվում է մնացած ամեն ինչից՝ ձեր հանդեպ սերն է ձեր այսօրվա ինքնավստահության զենքը և 100 հակահեղափոխական լրատվամիջոցն էլ չէր կարողանա սևացնել ձեր կերպարը։
Ձեզ սիրում են և վերջ։ Ձեզ վստահում են։ Որովհետև Սերժ Սարգսյանից երկիր եք ազատել։ Եվ ի՜նչ լավ եք ազատել։ Եվ վերջ։ Հիմա սկսենք ազատվել բոլոր այն գործիքներից, որոնք կարող են ծնել նոր Սերժ Սարգսյան։ Ի դեպ, ձեր նշած այդ 20-25 լրատվամիջոցը նույնպես ձեր մեջ կարող են ծնել Սերժ Սարգսյանին։ Որովհետև Սահմանադրությունը պետք է լինի հավասարակշռող գործիք, մի օր ձեզ կարող են չսիրել ու դուք չպետք է պաշտպանվեք սուպերվարչապետությամբ։ Սա է մեր ամբողջ ուզածը։ Արեք ևս մի աննախադեպ բան, ձեր իրավունքներով հավասարվեք այն առաջնորդին, որը չի ուզում լինել իշխանության գերի։ Այս Սահմանադրությունը հեղափոխություն չի ծնել, բայց այն կարող է ոչնչացնել հեղափոխությունը։ Իսկ Հրայր Թովմասյանից այլ բա՞ն էր սպասելի։ Այսքան բան։
Հեթում Մարտիրոսյան