...

Մայր լինելը շահեկան չէ

Մայր լինելը շահեկան չէ

Սոցիալական քաղաքականությու՞ն։ Ես որ չեմ լսել։ Դեմոգրաֆիական խնդիրների լուծո՞ւմ։ Նույնիսկ չգիտեմ, թե «լուծումն» ինչ է։ 

Դեմոգրաֆիան առանց ագրեսիվ սոցիալական միջամտության չի լուծվում։ Եվ վերջ։ Այդ իմաստով հեղափոխական իշխանությունն ուղղակի տեղից չի շարժվել, ուղղակի մեկ լումա նույնիսկ չի ներդրել։ Եվ ինձ ոչինչ չեն ասում այն հեքիաթները, թե կառավարությունն ավելացրել է ամեն ծնվող երեխայի համար տրվող միանվագ նպաստը։ Հետո՞։ Կառավարության «բառապաշարում» հետևողականություն չկա։ Ուղղակի չկա։ Նպաստն ավելացնում է, հետո վարչապետն ասում է՝ դիվանին նստած միլիոնատեր չեն դառնում։ Դու տասնյակ հազար պետական աշխատող ունես, նրանց ի՞նչ ես առաջարկում, նրանց աշխատանքը դիվանին նստել չէ՞, եթե նկատենք, որ բիզնես չունեն։ Բայց քո մտածած պարգևատրումների համակարգն, իհարկե, ցանկացած պետական աշխատողի կդարձնի միլիոնատեր, մինչդեռ ո՞րն է էդ մարդկանց բարիքը։ Հատկապես որ նրանք կատարող են։ Մտածողը դու ես, սպառնացողը դու ես, համաձայնվողը դու ես, մերժողը դու ես։ Ո՞վ սեփական ինչ-որ միտք առաջ բրդելու ռիսկ ունի։ Պատգամավորներիդ կեսն ասում է՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալը եռակի աշխատավարձ էի ստանում։ 

Պետությունը դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար իր սոցիալական քաղաքականությունը պետք է փոխի։ Ու շատ արագ։ Որովհետև սա հանրապետական կառավարությունը չէ, որ թքած ունենա իր հեղինակության վրա ու գռփի, ու գռփի։ Սա հեղափոխական կառավարություն է, որը չորս տարի հետո ազնվորեն հավակնելու է պահպանել իշխանությունը։ Երեք երեխա ունեցող ընտանիքները պետք է համարվեն բազմազավակ։ Ես երկու երեխա ունեցող ընտանիքն էլ Հայաստանում կհամարեի բազմազավակ։ Բայց սա մի քիչ, շատ քիչ այլ հարց է։ Ինչքան երեխաները շատ, այնքան սոցիալական խնդիրը՝ սուր։ Իսկ մեր պետության համար առաջնահերթություն է փակել արտագաղթի ճեղքերը և ավելացնել բնակչությունը։ 

Փաստն այն է, որ Հայաստանում արդեն 30 տարի ամենևին շահեկան չէ երեխա ունենալը։ Կառավարությունն ասում է՝ ամեն ծնվող երեխայի համար նպաստների չափն եմ ավելացրել։ Կներես, մեծ եղբայր, դրանով ծնողը երեխա չի մեծացնում, դրանով ծնողն ընդամենը ամեն ինչ անում է, որ երեխան «հետ չգնա»։ էլ չասած, որ այսօր նոր ամուսնացող զույգը հանուն նպաստի երեք երեխա չի «շալակի»։ Պետության սոցիալական ոգևորությունը զրոյական է։ ԽՍՀՄ-ում երեք երեխա ունեցողը կարող էր բազմազավակ չհամարվել, որովհետև ի՞նչ խնդիր էր երեխա ունենալը և մեծացնելը։ Հիմա մեկ երեխա ունենալն է խնդիր, մարդիկ ամուսնանում են և տարիներով չեն ուզում երեխա ունենալ՝ զբոսնում են, վայելում են կյանքը։ Ավելին, շատերն ուղղակի պատրաստ չեն ունենալ առաջին երեխան, որովհետև առաջինն «արժե» ընդամենը 50 հազար դրամ, թեպետ Ավինյանը խոստացել է, որ այս տարի առաջին երեխայի ծննդյան «արժեքը» կկազմի 300 հազար դրամ։ Նույնքան «կգնահատվի» երկրորդ երեխան։ Հենց Ավինյանն էլ հայտարարել է, որ «2021-ից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան»։ 

Մարտիրոսյանների ընտանիքում արդեն իսկ կա այդ երեք երեխան։ Հայրը հյուրանոցի աշխատող է, ամենաշարքային աշխատող։ Ստանում է 120 հազար դրամ, որի ուղիղ կեսով վարկ է փակում։ Դիմել է ոչ սոցիալական ապահովության նախարարությանը՝ օգնեք, էլ ուղղակի չեմ կարողանում։ Հայրն իր ուժերով է փորձել լուծել ընտանիքի սոցիալական խնդիրները։ Վարչապետը չի ասի, չէ՞, մեզ հյուրանոցների աշխատակիցներ պետք չեն։ Եթե հյուրանոցում աշխատելը դիվանին նստել է, համաձայն եմ, դրանց հայտարարեք պորտաբույծ, մենք էլ կիմանանք ոնց վարվենք էդպիսինների հետ։ Բայց ո՞վ ասաց, որ այդ «պորտաբույծը» 8 ժամ է աշխատում, 11-16 ժամից պակաս աշխատող ոչ պետական ծառայո՞ղ գիտեն կառավարությունում։ Չեն կարող ցույց տալ էդպիսի մեկին: Հասկանու՞մ եք, աշխատելն իմաստ չունի, ինքնանվիրումն իմաստ չունի։ Այս դեպքում հայր լինելը շահեկան չէ, որովհետև մայրն ուղղակի չի աշխատում։ Չի կարող։ Լինում են նաև հիվանդ կամ շարժական խնդիրներ ունեցող մայրեր։

Պետությունը պետք է մտածի մայրերի մասին, նրանք են երեխան ունենում սեփական որոշումով։ Նույնիսկ հայրերի մասին մտածել պետք է։ Երեխայի մասին էլ մտածել պետք չէ, այլ նախ՝ մայրերի։ Որովհետև երեխան որոշում է՝ ունենա՞լ, թե չունենալ։ Պետության այսօրվա սոցիալական օժանդակությունը պետք է ագրեսիվ դառնա հենց վաղվա համար։ Որովհետև, դե չես կարող, եղբայր, 300 հազար դրամով էլ չես կարողանա նպաստել այն բանին, որ մայրը «վռազի» հաջորդ երկունքի ցավերի հետևից։ Մայր լինելը պետք է դառնա շահեկան։ Խոսքը մայր լինելու մասին է, ոչ թե երեխա ծնելու։ Հայրը չպետք է թևավորվի։ Երբ մայր լինելը դառնա շահեկան, երեխա ունենալը կարող եք նույնիսկ չխրախուսել։ Նրանք կծնվեն։ Իսկ «մարդկային դեմքով» մանկապարտեզներ, դպրոցներ ու բուհեր ունենալը արդեն ավելի քաղաքական, քան ֆինանսական հարց է։ Որպեսզի երեխան դառնա քաղաքացի։ 

Հեթում Մարտիրոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   19996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ