ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի ուշ, նշել է. «ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին: Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու»:
«ՉԻ». Լավ, ընդունենք, որ Օնիկ Գասպարյանը խաբում է և իրականում պատերազմից առաջ զեկույց չէր ներկայացրել կառավարությանը, որ երկարատև պատերազմի համար Հայաստանը անհրաժեշտ ռեսուրսներ չունի:
Համարենք, որ առաջին անգամ այդ մասին բարձրաձայնվել է հոկտեմբերի 19-ին: Հարց է առաջանում. բա ինչո՞ւ եք պատերազմը ձգել մինչև նոյեմբերի 10-ը, ինչո՞ւ չեք հենց հոկտեմբերի մեջ հաշտության պայմանագիր կնքել, ինչը թույլ կտար խնայել հազարավոր զինվորների կյանքն ու ավելի քիչ տարածքային կորուստներ կունենայինք, ինչո՞ւ էիք մեզ կերակրում «գյոռբագյոռ» հեքիաթներով, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին գրում, թե «Թասիբը պետք է եռա Հայաստանում և Արցախում», նոյեմբերի 3-ին գրում էր. «Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի»՝ իմանալով, թե իրականում ինչ աղետալի վիճակ է ստեղծվել ճակատում։
Բա մի հատ էլ այս հարցերին պատասխանեք: Մոռացեք Օնիկ Գասպարյանին:
«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021