...

Հիսուսին ինչո՞ւ մոռացաք

Հիսուսին ինչո՞ւ մոռացաք

Գուցե և չարժե։ Գուցե չարժե անդրադառնալ նիկոլապաշտների ելույթներին, գրառումներին կամ հոդվածներին, քանի որ ակնհայտ ապուշությունը կամ կեղծիքը վերլուծության կարիք չունի։ Այնուամենայնիվ․․․

ՀՀ վարչապետի վերջին ելույթները ԱԺ-ում բուռն արձագանքի արժանացան տարբեր կողմերից։ Եղան նաև մեկնիչներ։ Այո՛, չեք սխալվում, մեկնիչներ։ Այս մարդիկ, օր․՝ Էդ․ Աղաջանյանը, փորձում էին մեզ բացատրել, որ չենք հասկացել Փաշինյանի ելույթը։ Մի քաղաքագետ անգամ պնդում էր, թե վարչապետը մանևրում է, պարզ ասած՝ փափուկ բարձ է դնում միջազգային հանրության մեծ գլխի տակ։ Մի կողմ թողնենք միջազգային հանրության գլուխը, թեպետ խորը համոզմունք ունենք, որ այն բնավ դդում չէ, ավելին՝ մեկը չէ։ Անդրադառնանք աղմկահարույց ելույթի հիացական մի արձագանքի, որին, կարծում ենք, կնախանձեր ինքը՝ Հեյդար Ալիևը, երբ Սովետի օրոք քծնում էր Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։

Եվ այսպես, հանրային որոշ շրջանակներում հայտնի Արամազդ Ղալամքարյանը, որ ներկայանում է որպես ՀԱԿ անդամ, ֆեյսբուքում գրում է․ «Էս ելույթի կարևորությունը, վախենամ, դեռ բավարար չափով չի գիտակցվում։ Իր բովանդակությամբ, ասելիքով ես այն կդնեի Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր»-ի ու «Թափանցիկ օրվա», Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղության» ու 98-ի հունվարին ԱԽ ընդլայնված նիստում ելույթի, Վազգեն Սարգսյանի՝ 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովում ունեցած ելույթի, Վանոյի «Ձեռքդ ետ տար ցավի վրայիցի» ու Վազգենին գրված մարգարեական նամակի, Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքի» հետ նույն շարքում»։ Ահա՛, ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Նիկոլ Փաշինյանի բոլոր տեսակետներից՝ բովանդակային, քաղաքական, լեզվական, թերի խոսքը մարդը դնում է Հրանտ Մաթևոսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի և Ռաֆայել Իշխանյանի ստեղծագործությունների կողքին։ Ընդ որում, Վանոյից հիշում է գեղարվեստական գործը։ Աբսո՞ւրդ է, աննախադեպ մի բա՞ն մեր իրականության մեջ։ Ո՛չ։ Ակամա մտաբերում եմ Փաշինյանի իշխանության առաջին օրերը, որոնց պատահականորեն համընկավ նրա գրքի լույսընծայումը։ Եվ գրագետ, գրականագետ, արվեստագետ և արվեստասեր մարդկանց մի մեծ խումբ լուրջ-լուրջ սկսեց գնահատել հեղինակի «գրական տաղանդը»։ Այս մարդկանցից ոմանք, համոզված եմ, հիմա կամաչեն իրենց արածից։ Մնացածներն էլ իրենց հայտնի կենդանու տեղ կդնեն ու կանցնեն՝ ասելով՝ անձնական ոչինչ չկար, բիզնես էր։ Հա՛, ձեզ համար բիզնես էր, իսկ Նիկոլը հավատաց և ձգտեց ավելի մեծ բարձունքների, օր․՝ Հիսուսին։ Հիշո՞ւմ եք Հիսուսի բարդույթը։ Ափսոս, Ար․ Ղալամքարյանը երևի մոռացել է, թե չէ կհասկանար, որ իր գովերգած վարչապետին բնավ չի գոհացնի Հրանտ Մաթևոսյանի կամ Ռաֆայել Իշխանյանի պատվանդանը, նրան Հիսուսինն է պետք։ 

Ամփոփելով ասենք՝ շատ լավ ենք հասկանում, թե ով ինչի համար է նման գրառումներով կամ հոդվածներով լցնում առանց այդ էլ աղտոտված «եթերը»։ Եվ սա ավելի լավ կերևա Ն․ Փաշինյանի պաշտոնանկությունից հետո։

Մի բան էլ․ ՀԱԿ անդամ լինելը ինդուլգենցիա չէ։ Ցանկացած կուսակցության կազմում տարբեր մարդիկ կան՝ տարբեր նպատակներով և արժեքներով։

Ասածս վերաբերում է նաև 2008-ի շարժմանը մասնակցած և հետո ՀԱԿ-ի կազմում հայտնված շատերին։ Մեծ, հզոր շարժում էր, և անկեղծ ու ազնիվ մարդկանց շարքերում կարող էին հայտնվել թե՛ պատեհապաշտները, որոնց երազանքն ապագա պաշտոնն էր, թե՛ այն ժամանակվա իշխանության «ագենտները»՝ իրենց մութ գործառույթներով։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ