...

«Հողատուի» խոսույթը

«Հողատուի» խոսույթը

Եթե Ն․ Փաշինյանը լիներ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ապա նրա «մտքերը» մեկնաբանության կարիք չէին ունենա։ Սակայն մարդը ՀՀ թիվ մեկ պաշտոնյան է, և այս հանգամանքը նրա խոսքը կարևոր է դարձնում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում։

Ներքին քաղաքականության մեջ Ն․ Փաշինյանն ու ՔՊ-ն մեկ խնդիր են լուծում՝ ամրապնդել իշխանական դիրքերը՝ որևէ միջոցից չխորշելով։

Կարծում ենք՝ նույն հարցն է մտահոգում նրանց նաև արտաքին ոլորտում, որովհետև թույլ, քայքայված երկրում շատ հեշտ է դրսից իշխանություն պարտադրելը։

Համոզված ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 24-ի ասուլիսում արտաբերված «մտքերը» պատահական չէին հենց այս տեսանկյունից։

Դիտարկենք դրանցից մի երկուսը և տեսնենք, թե ինչպես է Ն․ Փաշինյանը հասնում նպատակին։ 

Այսպես, նա ասում է․ «Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկը ինձ ասի՝ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի՝ դա կլինի լեգիտիմ մեղադրանք․․․»։ 

Թեպետ այս «մտքի» լավագույն մեկնաբանությունը տվել է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում` պնդելով, թե «ամենավատն այն է, որ նրա հաշվարկը ճիշտ է. հանրային ընկալման մեջ էլ սա դիտվելու է որպես ավելի նախընտրելի մեղք, քան եթե էս մարդը տարածքային զիջումներ արած լիներ (իրականում էդ զիջումները մեղք էլ չէին լինի)։ Սա ավելի մեծ պրոբլեմ է, քան այն, որ վարչապետը չի հասկանում էդ մեղքի ծանրությունը։ Ավելի ճիշտ, վարչապետի չհասկանալը գոնե մասնակիորեն էդ հանրային վերաբերմունքի հետևանքն է», այնուամենայնիվ նշենք, որ պատերազմից հետո Ն․ Փաշինյանին անհրաժեշտ էր «հողատու-հողատուն դո՛ւ ես, դավաճա՛ն-դավաճանը դո՛ւ ես» խոսույթը։ Իսկ անհրաժեշտ էր, որովհետև այն թույլ տվեց հանրության առանց այդ էլ 20 տարի լավ լվացած ուղեղում մեխել դավաճանության գաղափարը, թույլ տվեց կեղծել Արցախյան բանակցությունների գործընթացի պատմությունը, թույլ տվեց ազնիվ և անբիծ երևալ նախկինների ֆոնին։ Այս խոսույթն անդադար կենդանի է պահում հենց ինքը՝ Ն․ Փաշինյանը, որովհետև շատ լավ գիտի իր հիմնական հակառակորդների արձագանքի մակարդակը։ Այս խոսույթը նրան հնարավորություն է տալիս արտաքին աշխարհում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում իրեն ընդդիմանում են խաղաղության հակառակորդները։ 

Այստեղից է բխում նաև վարչապետի «խաղաղասիրությունը»։ Նա հայտարարում է․ «Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»։ Մեկը հարցնող լինի՝ կարո՞ղ ես հրաժարվել․․․

Հավելենք, որ հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի մասին ասածները նույն շարքից են։

Անշուշտ, սա աղետ է պետության համար, որից ազատվելու կարևոր միջոց կարող էր դառնալ քաղաքական խոսույթի փոփոխությունը, այն տրամաբանության դաշտ վերադարձնելը։

Ցավոք, խայտառակ պատերազմից և պարտությունից հետո մեր երկրի հիմնական, ավելի ճիշտ՝ բարձր աղմկելու հնարավորություն ունեցող քաղաքական դերակատարներն ամեն ինչ արեցին ծանրագույն խնդիրների մասին խոսակցությունը պրիմիտիվացնելու համար։ Ցավոք, Ն․ Փաշինյանին ձեռնտու «հողատու-հողատուն դո՛ւ ես, դավաճա՛ն-դավաճանը դո՛ւ ես» դիսկուրսը չի փոխվելու։ Իսկ վարչապետն ու ՔՊ-ն ամրացնելու են իրենց իշխանությունը։ Նրանց համար բնավ կարևոր չէ, թե քանի քառակուսի կիլոմետր կմնա Հայաստանից, նշանակություն չունի ինքնիշխանությունը, նշանակություն չունի, թե որ երկրի վասալն են լինելու։ Կարևորը կառավարական ամառանոցն է, մեքենաները և պատից կախված ատրիբուտները։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ