...

Հուդան մնում է Հուդա

Հուդան մնում է Հուդա

Հուդայի կերպարին հատկապես 20-21-րդ դդ․ գեղարվեստական գրականության մեջ շատերն են անդրադարձել, օր․՝ Բորխեսը, Սարամագոն, Բյորջեսը, Անդրեևը, Օզը։ 

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում թարգմանաբար լույս տեսան ռուս Լեոնիդ Անդրեևի «Հուդա Իսկարիովտացի» վիպակը (2019) և իսրայելցի Ամոս Օզի «Հուդա» վեպը (2020)։ 

Ի՞նչ ընդհանրություն ունեն գրեթե 100 տարվա տարբերությամբ գրված այս գործերը։ Այն մեկն է՝ Հուդայի արդարացումը, նրա արարքի շարժառիթի սրբագրումը։ 

Այսպես, Լեոնիդ Անդրեևի Հուդան Հիսուսին դավաճանում է անսահման սիրուց, իսկ ըստ Ամոս Օզի՝ Հուդան միակ իսկական քրիստոնյան է, որ «կազմակերպում է» խաչելությունը՝ աշխարհին նոր հավատ բերելու նպատակով։

Մեր ընթերցողներին չձանձրացնելու համար միանգամից ասենք, թե ինչու ենք հիշել Հուդային և ինչ կապ ունեն վերոնշյալ գրքերը օրվա քաղաքական անցուդարձի հետ։

Ապրիլին արդեն երկրորդ անգամ է ՀՀ վարչապետն անդրադառնում աստվածաշնչյան թեմաներին։ Մեկը, կարծում ենք՝ հիշում եք, Սուրբ Հարության տոնի առթիվ էր, երբ դարձյալ սաղմոս կարդաց, հետո էլ իր էջում դրեց Հուդայի արիան։ Երկրորդ անգամ նա հակադարձեց Վեհափառին՝ մեջբերում անելով Պողոս առաքյալից։

Հանգիստ թողնենք երկրորդ դեպքը, որովհետև կարծես մեր հոգևորականները տեղը տեղին մեկնաբանում են Պողոս առաքյալին, և դառնանք Հուդայի թեմային։

Կրկին ձեր ուշադրությունը հրավիրենք «Հուդա Իսկարիովտացի» և «Հուդա» գրքերի լույսընծայման թվականների վրա՝ 2019 և 2020։ Սա նշանակում է, որ գուցե արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեհաճել է թերթել կամ կարդալ դրանք, կամ նրան պատմել են «Հուդաների» մասին։ Եվ ահա 2021 թվականին նա ասում է, որ իրենց սխալների (պատերազմ, պարտություն, ուրեմն՝ դավաճանություն- Զ․Գ․) պատճառն է եղել ժողովրդի՝ իրենց նկատմամբ տածած սերը և իրենց սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ (01.03.2021): Ուրեմն ինչպես գրական-գեղարվեստական Հուդան էր դավաճանել մեծ սիրուց և հավատարմությունից, այնպես էլ ինքն է դա արել՝ դարձյալ մեծ սիրուց ու չգիտեմինչից։

2023-ի ապրիլին էլ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Հուդայի կերպարը, որովհետև շա՛տ լավ գիտի՝ ինչ է արել և ինչու։ Գիտի, բայց անընդհատ արադարացում է փնտրում և օգտագործում տաղանդավոր գրողների գրական կերպարների տված հնարավորությունը։

Աստվածաշունչը, սակայն, այս հարցում անօգուտ է, որովհետև շատ պարզ ցույց է տալիս դավաճանության դասական պատճառները՝ նախանձ և փող։

Աստվածաշնչյան Հուդան զղջում է և ինքնասպան լինում։ Գուցե այն ժամանակ մարդիկ դեռ չէին կորցրել բարոյականության տարրական ընկալումը։ Մեր օրերում ճիշտ հակառակն է։ Գիտեմ՝ երբ կարդաք բարոյականություն բառը, քթի տակ ժպտալու եք։ Սակայն սա՛ է նաև մեր ողբերգության հիմքում։ Եվ նորօրյա Հուդան շատ լավ գիտի, որ իրեն ներել են հայրենիքի կորուստն ու հազարավոր զոհերին։ Նա համոզված է, որ հասարակությունը վաղուց է կորցրել ապրումակցելու մարդկային հատկանիշը և փողոցում մենակ կթողնի որդեկորույս ծնողներին։ Գիտի և շարունակում է բոլորին ծաղրել, քանի որ հասել է գլխավոր նպատակին՝ փողին։ Իսկ նախանձը, միևնույն է, կրծում է սիրտը, և այդ պատճառով ամեն անգամ բերանը բացելիս աղավաղում է անցյալն ու ներկան։ Անցյալում հայոց հաղթանակն էր, հարգանքը երկրի նկատմամբ, իսկ ներկան պարտությունն ու անարգանքն են։ Հաղթանակի հետ ինքը ոչ մի կապ չունի, իսկ պարտությունն ու անարգանքը հենց ինքն է։

Եվ խեղաթյուրելու է, աղճատելու է, ապականելու է ամեն ինչ, որովհետև մենք դա թույլ ենք տալիս։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   23891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ