...

Հույս ունեմ, որ ժողովուրդը երկիրը ամայի չի թողնի

Հույս ունեմ, որ ժողովուրդը երկիրը ամայի չի թողնի

2000 թվական, 12 փետրվարի՝ իմ ծննդյան օրն է։ Իմ տոնի առիթով, իմ խոսքը հին օրերում բոլորովին այլ երանգ, այլ շեշտ կունենար, եթե ընկած չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո։

Հոկտեմբերի 27-ի (բառը այդպես էլ չենք գտնում) դժոխքից հետո... Ազգս ցույց տվեց իր վատթարագույն երեսը։ Թումանյանի խոսքով՝ հանդուրժելու, սիրելու, ներելու վերաբերմունքն է մեզանից յուրաքանչյուրին պակասում... Կուզենայի, իսկապես, կուսակցություն ունենալ հանդուրժողների, տանողների, ներողների... Կուզենայի մեծահարուստ հրեա լինել՝ ահա այդպես, տոննայով ոսկի հրապարակ նետեի, և կերատաշտի շուրջը խաղաղվեին, հանգստանային և իրենց աշխատանքին դառնային։ 

Վատը հաղթեց։ Վատը հաղթեց։ Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան։ Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ։ Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին... Եվ ահա թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ հավասարվենք, էս պարտված վիճակից դուրս գանք, միանանք աշխարհի ժողովուրդների շքեղ շքերթին՝ Աստված գիտի թե երբ։ Իսկ առայժմ ստրուկն է մեջներս՝ օգնության հույսով. մտքի օգնության հույսով, արևմուտքին ենք նայում...

Հույս ունեմ, որ մեր ժամանակը և մեր երկիրը պատվախնդրությունը կունենա, որ իր ժամանակը և իր երկիրը ժողովուրդը ամայի անապատ չի թողնի։ Հուսամ, որ գործարանները դարձյալ կծխան, շչակները դարձյալ կշչան, և ժողովուրդը ելք կգտնի էս ամեն ինչից...

...Մեր գրականությունը մի քիչ այլ բան է եղել, քան այլ երկրներինը։ Մեր գրականությունը՝ Աբովյանից սկսած, փոխարինել է պետականությանը, հետո՝ սովետական իշխանության տարիներին մեր գրականությունը մեր իշխանությունների և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն էր՝ ազգային ինքնավարությունը։ Եկեղեցուն հավասար մի բան էր, ինչպես հազար տարի շարունակ մեր եկեղեցին էր փոխարինում մեր պետականությանը, Աբովյանից սկսյալ՝ մեր գրականությունը հայ պետականությունն է, փաստորեն՝ մեր պետականությունը ապաստանել է հայ գրականության մեջ։ Շատերը կարող են հակված լինել, որ այն աշխարհի գրականություններից նվազ բարձրության վրա է եղել, գրական երթի մեջ չի եղել, բայց մեղք չես դնի, որովհետև մեր ճակատագիրը այդ է՝ Մեսրոպ Մաշտոցից, Խորենացուց սկսած, մինչև, ասենք թե, նվաստս... Մարդուց խրտչող աշխատանքը, բանվորի ձեռքից փախչող հաստոցը, և մեր ու մեր միջև այդպես սեպ էր առաջանում՝ ժամանակների արատն էր։ Եվ էդ էր, որ ես վիրավորված նկատեցի 22-23 տարեկանում. զուտ տեղացու խանդով վիրավորվեցի, թե ինչու պիտի մենք մեր արջին սպանելու իրավունքը չունենանք. մենք ենք, մեր արջը, և դրանից եկավ ահա «Մենք ենք, մեր սարերը». վատ գործ չի... 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ