Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը՝ հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, կարծում է ՌԴ նախագահը։
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ։ Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ոչ ոք այլևս պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ։ Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ են։ Այո, քանի որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են։ Այնտեղ կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխադարձ փոխզիջումներ․ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել ինչ-որ բան։ Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին»,- նշել է Պուտինը։
«ՉԻ». Դիվանագիտական լեզվից թարգմանենք:
Երկու կողմի քարտեզները բանի պետք չեն: Գլխավորը լինելու են մեր քարտեզները: Ով իրեն ավելի խելոք պահի, ով մեզ ավելի պետք լինի, նրա օգտին էլ քարտեզներ կներկայացնենք:
Անկլավները կարելի է փոխանակել ու լրացուցիչ լարվածություն չստեղծել:
Մինսկի խմբի և մյուս միջազգային խաղացողների գնացքը գնացել է: Նրանց ներկայությունը այլևս անիմաստ է: Մեսիջը վերաբերում է նաև Թուրքիային ու Իրանին:
Ոչ մի խոսք Արցախի մասին: Մենք (Ռուսաստանը) Արցախում ենք, և դա է կարևորը:
Իսկ քարտեզներն ավելի շատ կներկայացվեն հոգուտ այն կողմի, որն ավելի ճկուն դիրքորոշում կցուցաբերի Սյունիքի ճանապարհների վերահսկողության հարցում:
Երկրորդ Լաչին ունենալը Ռուսաստանի համար ամենահետաքրքիր լուծումը կլինի: Երկու ճանապարհ և երկու կողմ, որոնք կախված են այդ ճանապարհներից ու դրանք վերահսկող պետությունից: