...

Իրական ողբերգական դեպքերը միֆ որակելու ճշմարտության պահը ո՞րն է

Իրական ողբերգական դեպքերը միֆ որակելու ճշմարտության պահը ո՞րն է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Ճշմարտության պահը» վերնագրով հոդված է գրել (25.04.2020թ Aravot.am), վերջին քսան տարիների ողբերգական իրադարձությունները միֆականացրել և մտածում է, որ հեղափոխությունից հետո բոլոր միֆերը հօդս են ցնդել։ 

Այնքան էլ հասկանալի չէ, թե կատարված ողբերգական դեպքերի միֆականացնելու ճշմարտության պահը ո՞րն է։ Երիտասարդ դիվանագետը Հոկտեմբերի 27-ն ու Մարտի մեկը միֆ է որակում։ Բայց մենք փորձենք հասկանալ սույն մտքի տիտանին։ Ահա այսպես։ Միքայել Մինասյանն ասել է․ «20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել»։ 

Այնուհետև անդրադառնալով մարտի մեկին՝ ասել է․ «Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք»։

Իսկ հիմա տեսնեք, թե երիտասարդ դիվանագետն ինչո՞ւ է իրական ողբերգական դեպքերը միֆ որակում։

Վերհիշենք։ Չնայած վերհիշելու բան էլ չկա, բոլորս էլ հրաշալի հիշում ենք, պետք է, որ երիտասարդ դիվանագետն էլ հիշի, թե ինչպես 12 տարի առաջ խաղաղ ցուցարարներին գնդակահարեցին այն բանի համար, որ ՀՀ քաղաքացին դուրս էր եկել և իր բողոքի ձայնն էր բարձրացրել կեղծված ընտրությունների դեմ։ Արդյունքում 10 անմեղ զոհ։ Իրականություն է, չէ՞։ Միֆ չէ, առավել ևս՝ քաղաքական։ Քաղաքացուն գնդակահարելը երիտասարդ դիվանագետը ներկայացնում է որպես քաղաքական միֆ։ Ենթադրվում էր, որ մարդասպանները պիտի պատժվեն։ Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մարդասպանները չպատժվեցին։ Ամենայն հավանականությամբ, դիվանագիտական լեզվով մարդասպանների չպատժվելը կոչվում է «խնամքով թաքցվածը»։

Եթե հանցագործները չեն պատժվել, չի նշանակում, որ մարտի մեկի ոճրագործությունը միֆ է։ Հանցագործների փոխարեն շինծու գործերով բանտերում հայտնվեցին ընդդիմադիր գործիչները։ Այ սա միֆ է։ Հեղափոխությունից երկու տարի անց կալանքի տակ է միայն գլխավոր մեղադրյալը, ով եղել է խաղաղ ցուցարարների վրա կրակելու պահին զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, կասկածյալներից շատերը փախած են և հետախուզում է հայտարարված։ Իրականություն է, չէ՞։ Միֆ չէ։ Իսկ եթե մեղադրյալները փախած են լինում (ինչպես հայր և որդի Մինասյանները ու էլի շատերը), անկախ նրանից, թե մեղադրանքը քրեական է, թե պարզապես փաստաթղթերում տեխնիկական սխալ է լինում կամ էլ անցած քսան տարիներին բնորոշ սովորական թալան և խոչընդոտում են գործի վերջնական բացահայտմանը, սա նույնպես միֆ չի կարելի որակել։ Սա իրականություն է և խոսում է հեղափոխական իշխանության անկարողության մասին, որ հեղափոխությունից երկու տարի անց դատաիրավական համակարգը նախկինն է մնացել։ 

Դառնանք հոկտեմբեր 27-ի ողբերգությանը։ Նախ փաստենք, որ հեղափոխությունից հետո հոկտեմբերի 27-ի գործի վերանայում չի էլ եղել։ Իսկ եթե քրեական գործի վերանայում չի եղել, ապա դիվանագետ Մինասյանի պնդումներն անհիմն են։ Ոճրագործությունը տեղի է ունեցել օրը ցերեկով։ Երբ ոճրագործները անարգել մտել են օրենսդիր մարմին և գնդակահարել են ԱԺ նախագահին, վարչապետին, նախարարների և պատգամավորների, նրանք փաստացի գնդակահարել են պետությունը։ Իրականություն է, չէ՞։ Միֆ չէ։ Շահարկելու ոչինչ չկա։

Այնուհետև Քոչարյանը հայտարարեց, որ ուչաստկովիի գործ է, գործն այդ մակարդակով էլ մնաց։ Այսինքն՝ մի քանի ռոմանտիկներ կրակելու ցանկություն են ունեցել, մտել են ԱԺ և կրակել են, բայց դե պատահաբար զոհեր էլ են եղել։ Ի՞նչ կազմակերպիչ, ի՞նչ բան։ Այդպես էլ կազմակերպիչ չգտնվեց։ Այ սա միֆ է։ Իսկ հիմա էլ Միքայել Մինասյանը գրեթե նույն բանն է ասում, որ այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները։ Բայց ոչինչ որ առանցքային վկաների մեծ մասը կենդանի չեն, կենդանի չեն նաև կատարողներից մի քանիսը։ Իրականություն է, չէ՞։ Միֆ չէ։

Շահարկելու ոչինչ չկա։ Այսուամենայնիվ դարձյալ պարզ չէ՝ եթե քրեական գործը հեղափոխությունից հետո չի վերանայվել, որտեղից է դիվանագետ Մինասյանն ասում, որ պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Հետաքրքիր է, որ Միքայել Մինասյանը չի մանրամասնում, թե երկու տասնամյակ իրականության հետ աղերս չունեցող ինչ են ակնարկել, սպառնացել կամ զգուշացրել։ Այ, սա երևի դիվանագիտության պահանջ է, որը հասու չէ հասարակ մահկանացուներիս։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ