ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն»։ Այնուհետև պարզաբանել է, թե որն է ամենամեծ պատրանքը և ներկա իշխանությունների մարդ չլինելը, ինչն առանց ժպիտի անհնար է կարդալ։
Հենց սկզբից արձանագրենք, որ փեսա Միշիկն ինքն է փաստում, որ իրենց ղեկավարման տարիներին կոռուպցիա է եղել, ամեն մարդ իր ճակատագրի տերը չի եղել, մարդիկ արժանավայել ու ապահով չեն ապրել։ Եվ եթե իրենց ղեկավարման տարիների արատավոր երևույթները դեռևս կան և գազն էլ դեռ պետք է թանկանա, ուրեմն պատրանք է եղել և ամենամեծ պատրանքն էլ համարում է այն, որ հեղափոխությունից հետո երկրի մթնոլորտը «սեր և թավիշ» չէ, իսկ հանրային տրամադրություններն էլ լիցքավորված են անհանդուրժողականությամբ և ատելությամբ։ Մարդիկ արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անում։
Ըստ էության, փեսա Միշիկը նորություն չի ասել, ասել է այն, ինչ որ ամեն օր լսում ենք իրենց լրատվամիջոցներից, դա իրենց քարոզչության հիմնական մեխն է, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բողոքի տարատեսակ ակցիաները, ատելության քարոզը, նույնիսկ գազի գնի թանկացումը ղեկավարվում են մեկ կենտրոնից։ Ատելության քարոզից խոսում է այն դեպքում, երբ լրատվամիջոցների 80-90%-ն իրենցն է։ Միայն Արմնյուզն ու 5-րդ ալիքը բավարար են ատելության ու թշնամության քարոզն ապահովելու համար։ Եթե ամենամեծ պատրանքն է համարում այն, որ երկրի մթնոլորտում սեր և թավիշ չկա, ապա այդ դեպքում որտե՞ղ է գտնվում հայտնի բժիշկ, Էրեբունի բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանը և նրա նման շատերը, որոնց մեղադրանք է առաջադրված, բա ինչո՞ւ արդարադատության առջև չեն ապացուցում իրենց անմեղությունը։ Երիտասարդ դիվանագետին չէր խանգարի մի փոքր զգույշ լինել պատրանք բառը բարձրաձայնելուց։
Փեսա Միշիկը մի քիչ ճիշտ չի նշում ատելության ու անհանդուրժողականության ժամանակահատվածը։ Եթե չլիներ հանրության ատելությունն ու անհանդուրժողականությունն առ նախկին իշխանություն, հեղափոխությունը հաղթանակ տանել չէր կարող, հանրությունը Սերժին չէր մերժի։ Այո, այսօր էլ հանրությունը չի հանդուրժում և ատում է նախկիներին, իսկ հանրությունը հիմա էլ եթե դժգոհում է իշխանություններից, նրա համար է, որ նախկիններից շատերը, որոնց մեղադրանք է առաջադրված, անպատիժ են մնում։
Զավեշտը գրառման վերջաբանում է՝ «Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք: Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց»։ Անցած քսան տարիներին, որ ապականել են մեր կյանքի բոլոր բնագավառները՝ կրթության, առողջապահության, մարդուն զրկել են ամենակարևորը՝ ընտրելու իրավունքից, ձևավորել էին թաղի խուժանի ինստիտուտը, որ ընտրությունների ելքը որոշողն էր, յուրայիններով Սահմանադրությունում փոփոխություններ էին անում իրենց իշխանությունը հավերժացնելու համար, այդ ժամանակ իշխանությունները մարդ են եղել։ Իսկ հիմա մարդ չեն։ Հետաքրքիր է, բոլորով, միասին, համատեղ ուժերով ասելով ու՞մ նկատի ունի։ Բոլորով, միասին, համատեղ ուժերով ժողովուրդն իրենց հեռացրել է, էլ ում հետ է բոլորով միասին իշխանություններին հեռացնելու։
Այն, որ բյուջեն մսխելով արտաքին պարտքը հասցրել էին անասելի չափերի, ամբողջ հույսը եղել է երկրի ընդերքը քանդելը՝ ապականելով շրջակա միջավայրը, արտագաղթը հասել էր այնպիսի չափերի, որ վտանգում էր երկրի անվտանգությանը: Այս և նման շատ երևույթները փեսա Միշիկի համար երկրի ու մարդկանց կործանում չի եղել, իսկ հիմա իշխանությունները երկիրն ու մարդկանց են կործանում, հեռավոր Վատիկանից շատ արագ իշխանություն է հեռացնում։ Սիրտը պաշտոն է ուզում։ Պատրաստվում են ռևանշի։ Իսկ դեռ հայտնի չէ, թե իշխանությունները Սահմանադրությունում ի՞նչ փոփոխություններ են անելու և ե՞րբ են անելու։
Ջավահիր Այվազյան