«Իսկ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին երթ չկազմակերպեցիք, մենք ոճիրների միջև խտրական վերաբերմո՞ւնք ենք դնում, բայց չէ՞ որ այդ օրը գլխատվել է մեր պետականությունն Ազգային ժողովում։ Ձեր ամբիոնից հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին, պարոն Փաշինյան, ինչո՞ւ է Հոկտեմբերի 27-ն անտեսված, իսկ Մարտի 1-ի մասին ամեն օր խոսում եք»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«ՉԻ». Այսպիսին է լուսավորների դեմքը: Ճղճիմ մանիպուլյացիաներ օգտագործելով՝ քննադատել իշխանությանը:
Անտեղյակ պատգամավորը չգիտի, որ քննչական նոր խումբ է ձևավորվել, որպեսզի հետաքննություն անցկացնի Հոկտեմբերի 27-ի գործով: Ինչ իմաստ ունի հակադրություն տեսնել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի բացահայտման մեջ: Իսկ եթե պատգամավորն ավելի հեռուն գնացող մտքեր ունի, չպետք է սարսափի և ուղիղ ասի, թե ինչ նկատի ունի:
Եվ, ի վերջո, իրեն լուսավոր հայտարարած ուժն ինչո՞ւ է այդքան սարսափում Մարտի 1-ի գործը բացահայտելուց: Ինչո՞ւ կուսակցության առաջնորդը իր պատգամավորության 8 տարիների ընթացքում երբևէ չի խոսում Մարտի 1-ից: Պատճառն առավել քան պարզ է: Մարտի 1-ի մեղավորների դատապարտումը նշանակելու է այդ կուսակցության քաղաքական ծնողների դատապարտում: Եվ որպես օրինակելի «զավակ»՝ լուսավորները փորձում են ստվեր գցել բացահայտման գործընթացի վրա: Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելը նույնպես տեղավորվում է այդ համատեքստում: Թովմասյանի մնալը նշանակելու է, որ Քոչարյանը և Սարգսյանը դառնան անձեռնմխելի և երբևէ չբացահայտվի Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Իհարկե, դա անում են իրենց հատուկ զգուշավորությամբ և մարաղ մտած: