...

Ժողովրդավարությունը չկպավ, ուրիշ իմիջ մտածեք

Ժողովրդավարությունը չկպավ, ուրիշ իմիջ մտածեք

«Այո, այսօր Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Սա մեզ համար և՛ մարտահրավերներ է առաջ բերում, և՛ հնարավորություններ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռազմավարական նպատակները արձանագրել են, դրա իրագործման համար ժողովրդի վստահության քվեն ստացել են և իրագործելու են:

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը գուցե բրենդային է, բայց ոչ դրսի համար։ Այն կարող է բավարարել ժողովրդավարության մասին աղոտ պատկերացում ունեցողներին։ Իսկ դրսում այդ պատկերացումները ոչ միայն աղոտ չեն, այլև մի բան էլ ավելին՝ հեղինակավոր միջազգային զեկույցները փաստում են, որ Հայաստանը դեռ հեռու է ժողովրդավարության բրենդի մակնշումից։ Ի դեպ՝ այս համատեքստում Փաշինյանը այս էլ որերորդ անգամ հիշատակում է վստահության քվե կոչվածը։ Վստահության քվեն ժողովրդավարության հետ առանձնապես կապ չունի, որովհետև պատմությանը հայտնի են միապետներ, բռնապետներ և ավտորիտար առաջնորդներ, որոնք Փաշինյանից պակաս չեն վայելել հասարակության վստահության քվեն։ Բայց դրանից այդ երկրները չեն հռչակվել կամ ընկալվել ժողովրդավարական։ Լեգիտիմությունը կամ դրա ճգնաժամը, որոնք ուղիղ կապվում են վստահության քվեի հետ, տիպական են նաև ոչ ժողովրդավարական հասարակարգերում։ 

Հիմա Փաշինյանը ոգևորվել է միջազգային մի զեկույցից, որտեղ Հայաստանը ժողովրդավարական է որակվել։ Բայց նա երևի չի տեսել (կամ տեսել ու մոռացել է) մնացած զեկույցները, դրսում՝ հատկապես Արևմուտքում գործունեություն ծավալող քաղաքական մեկնաբանների ու քաղաքագետների վերլուծությունները։ Իսկ դրանք էականորեն փոխվել են թավշյա հեղափոխությանը հաջորդած տարիներին։ 

Ընդամենը մի ամիս առաջ «Լոս Անջելես Թայմս»-ի ամենաընթերցվող ու ծանրակշիռ վերլուծաբաններից մեկը՝ Գոլդերբերգը, քննադատել էր Հայաստանին։ Նա մասնավորապես գրել էր․ «ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, ժողովրդավարական երկրներ չեն։ Հայաստանը ավելի է մոտենում դրան. Freedom House-ն այն անվանում է «կիսահամախմբված իշխանատիրական վարչակարգ», որի «ժողովրդավարության միավորը» 100-ից 33 է: Մնացածը «հաստատուն իշխանատիրական վարչակարգեր են»:

Մեկ այլ փաստագրում․ Freedom House-ը 2018-2021 թվականներին շարունակել է Հայաստանը դասակարգել «մասամբ ազատ» երկրների ցանկին։ Ըստ այդ կառույցի՝ Հայաստանը համարվում է նաև «ոչ ժողովրդավարական ընտրության երկիր»՝ ելնելով «քաղաքական իրավունքների» և «քաղաքացիական ազատությունների» ցածր վարկանիշներից: Հայաստանը ցածր վարկանիշ ունի նաև «Ազգային ժողովրդավարական կառավարում» անվանակարգում։ Այստեղ դիտարկվում է «կառավարական համակարգի ժողովրդավարական բնույթը. օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը»: Այն, որ Փաշինյանի կառավարման համակարգը հեռու է ժողովրդավարական դիտարկվելուց, քաղաքագիտությունից ու քաղաքականությունից հեռու մարդն էլ գլխի կընկնի։ ԱԺ-ն դակում է կառավարության բերած նախագծերը, կառավարությունն էլ հավանություն է տալիս ԱԺ մեծամասնության օրինագծերին։ Դատական իշխանությունը «սատկած էր» մինչև Փաշինյանը, հիմա կազմակերպվում է այդ իշխանության փառահեղ թաղումը։

Շարունակենք։ «Ընտրական գործընթաց» անվանակարգում Հայաստանը գնահատվել է՝ 3.25։ Այն «ուսումնասիրում է ազգային գործադիր և օրենսդիր ընտրությունները, ընտրական շրջանակը, բազմակուսակցական համակարգերի գործունեությունը և բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին»: Հայաստանում շուրջ 500 հազար մարդ չի մասնակցել ընտրություններին, ասել է թե՝ քաղաքական ամենակարևոր գործընթացին։

«Տեղական ժողովրդավարական կառավարում» անվանակարգում Հայաստանը գնահատվել է՝ 2.25: Այն «դիտարկում է իշխանության ապակենտրոնացումը. տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, ընտրությունը և կարողությունները. և տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Այն, ինչ արձանագրվեց Հայաստանում վերջին ՏԻՄ ընտրություններին, վերոշարադրյալի հակառակն էր պատկերում:

Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը հրապարակել է Human Rights Watch-ը (HRW) 2022 թվականի հունվարի 14-ին։ HRW-ն հայտնում է, որ թեև «քաղաքական ճգնաժամը» Արցախյան պատերազմից հետո «հիմնականում վնասազերծվեց 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում…ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ  խտրականությունը, ցավի արդյունավետ բուժման և սփոփիչ խնամքի խոչընդոտները, ինչպես նաև սեռական կողմնորոշման և ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը հարատևել են: Ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ՝ իշխանությունները ներմուծել են կանոնակարգեր, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը»: Ինչ վերաբերում է «իրավապահ մարմինների չարաշահումների և կալանքի տակ խոշտանգումների համար պատասխանատվության ենթարկելուն», HRW-ն հայտնում է, որ «կալանքի տակ խոշտանգումները և վատ վերաբերմունքը մնում են խնդիր, որոնք հաճախ գործադրվում են անպատիժ: Նույնիսկ երբ քրեական հետաքննություն է սկսվում, ի պատասխան խոշտանգումների մեղադրանքների, դրանք հազվադեպ են արդյունավետ լինում»:

Վերջում՝ եթե անգամ վերանանք այս զեկույցներից, ապա ընդամենը մեկ հանգամանք բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ Փաշինյանն էլի ստում է բրենդի մասով։ Ժողովրդավարական հասարակություններում չկան անհատներ, որոնք բացարձակ միանձնյա որոշումներ են կայացնում, ինչի մասին տվյալ երկրի նախագահը մամուլից է իմանում, թիմակիցները՝ ռեստորանների մատուցողներից, նախարարները՝ ընկերներից։ Դե, հասարակության մասին կլռենք։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ