...

Ֆեյք ժողովրդավարության հայկական ֆորումը

Ֆեյք ժողովրդավարության հայկական ֆորումը

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և այն պետք է նաև մեր արտաքին անվտանգության ապահովման երաշխիք դառնա։ 

«Բրենդի» մասին առանձնապես ասելու բան չկա։ Դա մոտավորապես նույնն է, թե չինական որևէ գավառական քաղաք հայտարարի, օրինակ, որ իր բրենդը «Adibas»-ն է, որովհետև հայկական ժողովրդավարությունն ընդամենը «շփոթեցնելու աստիճան նմանություն ունի» իրական ժողովրդավարության հետ։ Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Եթե Հայաստանն անգամ իսկապես լիակատար ժողովրդավարական երկիր լիներ, միևնույն է՝ դա մազաչափ անգամ չէր բարձրացնելու մեր արտաքին անվտանգության մակարդակը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը, հիվանդագին ձևով սևեռված լինելով իր «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» վրա, կարող է անգամ հայտարարել, թե բա գիտե՞ք, 44-օրյա պատերազմը հո Ղարաբաղի կամ Հայաստանի համա՞ր չէր, ադրբեջանական ագրեսիայի պատճառը մեր ժողովրդավարությունն էր, ավտորիտար լինեինք՝ չէին հարձակվի։ Եվ ըստ այս մառազմատիկ մանկամտության՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պիտի պաշտպանի ժողովրդավարական Հայաստանը բռնապետական Ադրբեջանից, իսկ եթե դրա փոխարեն Ադրբեջանին «հուսալի գործընկեր» է համարում՝ պատճառն այն է, որ լավ չենք աշխատում ու չենք կարողանում քաղաքակիրթ աշխարհին բացատրել, որ Ալիևը բռնապետ է։

Ինչևէ։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե «Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին», և «ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»։ Այսինքն՝ եթե ժողովրդավարություն լիներ, Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով կտիրապետեին ոչ թե մի քանի հոգի, այլ բոլորը, հասարակության վերաբերմունքն այլ կլիներ, և չէինք հասնի այս օրվան։ Շատ լավ։ Իսկ 2018-19-ին Հայաստանն արդեն ժողովրդավարակա՞ն երկիր էր, թե՞ ոչ։ Ըստ Նիկոլի՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն էր, Նորվեգիան ու Լյուքսեմբուրգը գլուխները պատով էին տվել։ Բա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը «մեզ բոլորիս ճշմարտությունն ասելու» փոխարեն գոռգոռում «Արցախը Հայաստան է, և վերջ», «նոր պատերազմ-նոր տարածքներ» և այլն։ Իսկ ո՞վ էր 44 օր շարունակ գոռգոռում «հաղթելու ենք» ու վերջում կապիտուլյացիա ստորագրում։ Եվ վերջապես՝ 2021-ի մայիս-հունիսին ժողովրդավարության բացակայությո՞ւնն էր պատճառը, որ նույն Նիկոլ Փաշինյանը «բոլորիս թույլ չէր տալիս իմանալ ճշմարտությունը» և նախընտրական հարթակներից կոկորդ էր պատռում, թե Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, հասնելու ենք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի, վերջում էլ «անջատում հանուն փրկության» ենք անելու, ու «թե սուտ եմ ասում՝ գյաջ ըլնեմ կպնեմ պատին»․․․ Հասկանալի է, չէ՞, որ եթե 2021-ին մարդիկ իմանային ճշմարտությունը (և՛ իրավիճակի, և՛ Նիկոլի մտադրությունների, «բանավոր պատկերացումների» ու «ընդհանուր ընկալումների» մասին), նա այսօր վարչապետի աթոռին չէր լինի, «ժողովրդավարության հայկական ֆորում» էլ երևի կկազմակերպեր մոտակա քրեակատարողական հիմնարկում՝ կուլտ-մասսայական միջոցառումների շրջանակներում։

Բայց եղածը եղած է, մարդը կարողացել է խաբել ու հիմա հպարտանում է դրանով, որովհետև «հայկական ժողովրդավարությունը», իր պատկերացմամբ, այն է, երբ քաղաքական բոլոր ուժերի՝ ժողովրդին խաբելու հնարավորությունները հավասար են։ Պարզապես ինքը հավասարների մեջ ամենահավասարն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ