Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:
«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:
Իմքայլ-ական Կարեն Սարուխանյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:
«ՉԻ» հետ զրւյցում նա անկեղծացել է՝ ասելով, որ ժողովրդի հետ հանդիպումները ավելի է կարևորում:
- Հիմնականում մասնավորապես իմ գործունեությունը ծավալվել է Շիրակի մարզում, մարզի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներով և նրանց բարձրացրած հարցերը պարբերաբար հարցումներով, դիմելով, առաջարկություններով ներկայացրել ենք գործադիրին և շատ հարցեր լուծում են ստացել:
- Պարոն Սարուխանյան, չե՞ք կարծում, որ պատգամավորի աշխատանքը հիմնականում օրենսդրական գործունեությունն է:
- Մեր աշխատանքը միայն օրենսդրական գործունեությամբ չի սահմանափակվում: Մեր աշխատանքը ամենաառաջին հերթին կապվում է քաղաքացիների հետ և դրա համար օրենսդրական գործունեությունը փաստորեն գալիս է այն հանգուցալուծման, երբ որ առիթը ստեղծվում է քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Դեռ մի քանի տարբերակներ քննարկումների փուլում են, բազմաթիվ մտքեր եղել են, ուղղակի չեմ ցանկացել այնպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը արդյունքում կամ կառավարությունն է բերելու, կամ մենք: Բազմակողմանի քննարկումների արդյունքում մի քանի նախագծեր իմ կողմից մշակվել են, բայց չեն դրվել շրջանառության մեջ՝ ընդհանուր առմամբ իմանալով, որ այդ հարցը լուծում է ստանալու:
- 132 պատգամավորը շատ է, քիչ, թե՞ բավարար:
- Ես չեմ ուզում գնահատական տալ, համենայն դեպս նորմալ աշխատում ենք:
Մելանյա Ծառուկյան