Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի էջում գրել է. «Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին: Ասել և ասում եմ. Բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու»:
«ՉԻ». Ինչ-որ մեկը շարմազանովներին համոզել է, որ եթե անընդհատ խոսեն ավանդական արժեքներից, ապա հասարակությունը կհավատա, որ իրենք այդ արժեքների կրողներն են: Կհավատա, որ ոտքի ելած ժողովուրդը այլասերված էր, իսկ Սերժ-Նոյը Մելիք-Ադամյան 2-ում հավաքել էր բոլոր տեսակի կենդանիներից մի-մի զույգ, որպեսզի փրկի մեղավոր Հայաստանը:
Ազգային և ավանդական արժեքների ամենամեծ բարոյալքումը տեղի ունեցավ ձեր իշխանության օրոք: Դուք ամենամեծ վնասը հասցրեցիք այդ արժեքներին՝ փողի և այլ նյութական արժեքների գերի դարձնելով եկեղեցու սպասավորներից ու մտավորականներից շատերին: Ձեր իշխանության օրոք էր, որ ծրագրում էիք Գառնիում և Օպերայի տանիքում ռեստորաններ բացել, պարզապես չհասցրեցիք:
Դուք էիք, որ ցերեկը ավանդական արժեքների մասին պաթոսախեղդ կենացներ էիք ասում, իսկ երեկոյան հաշվում, թե որքան եկամուտ բերեց Կոմայգին նախորդ գիշերը:
Հին հայկական ավանդական արժեք է՝ պետությունից ու բանակից գողանալը, զինվորին առանց զենքի ու սնունդի թողնելը, փոխարենը օֆշորներ փողեր փոխանցելը և «Մոցարտ» գործարանը գնելը:
Էլ ավելի հին ավանդական արժեք է մանկատան երեխաների փողը յուրացնելը և դղյակներ կառուցելը կամ սիրուհիների համար բիզնեսներ հիմնելը:
Հայկական Բաբելոնը քանդվեց 2018 թվականին, երբ հեռացվեց այն իշխանությունը, որը ոչ մի մարդկային լեզու չէր հասկանում: