...

Կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է վնասի ժողովրդավարությանը

Կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է վնասի ժողովրդավարությանը

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։ Իբրև թե սույն օրենքով պիտի կարողանան օպերատիվ կերպով պարզել վարակված անձի և նրա շփումների շրջանակը։ 

Իհարկե, ԱԺ-ում քննարկումները բուռն էին, պակաս բուռն չէին քննարկումները նաև սոցցանցերում։ Նույնիսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար անհասկանալի էր. «Ինձ, օրինակ, գուցե նաև գործընկերներիս հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, տեղեկատվությունը, թե երկու մարդ` մեկը` Նորքի Մասիվից, մեկը` Հարավ-արևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել»: 

Այն, որ սույն օրենքը վարակվածների շրջանակը պարզելուն ոչինչ չի տալու, ակնհայտ է ոչ միայն ԱԺ նախագահին, այլ նաև հանրությանը։ Հայտարարված է արտակարգ դրություն, ինչը ենթադրում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում։ Ելնելով կորոնավիրուսի տարածման առանձնահատկություններից էլ՝ տարածումը կանխելու հիմնական միջոցը մեկուսացումն է ու ինքնամեկուսացումը, մարդկանց շփումների սահմանափակումը, սոցիալական հեռավորություն պահպանելը: Սրանք են վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները, որ առաջարկել է նաև ԱՀԿ-ն։ Թե ինչքանով են իրականացվում սահմանափակումները, արդեն իշխանությունների հսկողության խնդիրն է, և պատշաճ իրականացման դեպքում հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը։ 

Իսկ ինչ վերաբերում է կառավարության առաջարկին՝ հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը, սա աբսուրդ է։ Ենթադրենք, լսում են հեռախոսային խոսակցությունը. էդ որտեղից պիտի իմանան, թե զրուցակիցներից ո՞ր մեկն է վիրուսակիրը կամ եթե տեղն էլ գիտեն, մինչև վիրուսակիրը չհայտնի, իրենք ինչ պիտի իմանան, և եթե ֆիզիկական շփում չի եղել, հեռախոսով էլ վիրուսը չի կարող տարածվել։ Կամ էլ կարող է ֆիզիկական շփում եղել է, բայց հեռախոսով չեն խոսել։ Սույն օրենքի ընդունվելու դեպքում ոչ միայն արդյունավետ չի լինելու կորոնավիրուսի տարածումը կանխելը, այլև մեծ հարված է լինելու ժողովրդավարությանը, և ոչ մի արդարացում չունի, նույնիսկ եթե կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ է արվում։ 

Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է, նույնիսկ համաճարակի դեմ պայքարի շրջանակներում անընդունելի է հարված հասցնել ժողովրդավարությանը։ Եվ եթե հավելենք հանրության անվստահությունն իրավական համակարգին, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Ում մտքով կանցներ, որ հեղափոխությունից երկու տարի անց իրեն դեմոկրատական հռչակած հեղափոխական իշխանությունն իրավական համակարգը թողնի նույնը, մինչև այսօր լուծված չէ ՍԴ ճգնաժամը, իրենք էս իրավական քաոսի պայմաններում օրինագիծ են ընդունում և սահմանափակում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Նման օրինագծի ընդունումը ոչ միայն արդյունավետ չի լինելու կորոնավիրուսի դեմ պայքարում, այլև իշխանությունն օր օրի նվազող իր վարկանիշին է վնասելու։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ