...

«Լուկաշինի թռչկանն» ու կոյուղու ջրով ոռոգվող բանջարեղենը՝ հենց թաղապետարանի քթի տակ

«Լուկաշինի թռչկանն» ու կոյուղու ջրով ոռոգվող բանջարեղենը՝ հենց թաղապետարանի քթի տակ

Աջափնյակ համայնքի Լուկաշին թաղամասի տարբեր հատվածներում կոյուղաջրերի բաց հոսքը բնակիչների համար արդեն սովորական է դարձել։ Այնքան սովորական, որ որոշ բանջարանոցատերեր չեն խորշում այդ ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործել և հետո բանջարեղենը վաճառել։ Սակայն սա խնդրի մի կողմն է միայն։ Խնդիրն այն է, որ կոյուղաջուրը բաց առվակներով հոսում է դեպի ցած՝ Հարավ-արևմտյան թաղամաս՝ որոշ հատվածներում ջրվեժներ առաջացնելով, որոշ մասերում էլ՝ ճահճային կուտակումներ՝ համաճարակածին իրավիճակին բնորոշ բոլոր հետևանքներով՝ մոծակներ, գարշահոտություն... 

Այդպիսի մի ջրվեժի ներքևի՝ արահետի վրա գտնվող մասում էլ, որին բնակիչները «Լուկաշինի թռչկան» են անվանում, խնդրին «լուծում է տրվել» կես մետրանոց խողովակով։ Բնակիչները բազմիցս դիմել են հետհեղափոխական բոլոր թաղապետերին՝ խնդրելով հարցին լուծում տալ, սակայն թաղապետերը հերթով փոխվել են, իսկ խնդիրը մնացել է։ Բնակիչները նույնիսկ կատակում են՝ դիմումը պահել են, որ հաջորդ թաղապետին փոխանցեն։ Ի դեպ, կառուցապատվող թաղամասի բնակիչները շատանում են, համաճարակածին իրավիճակը՝ սաստկանում: 

Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Աջափնյակ համայնքի վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին, բայց ինչպես պարզվեց, թաղապետ դառնալուց հետո նա բոլոր անցանկալի համարները արգելափակել է: Մեզ հաջողվեց կապ հաստատել Աջափնյակի կոմունալ տնտեսության բաժնի պետ Ռոման Ալոյանի հետ: Վերջինս խնդրեց իրեն ուղարկել մեր ձեռքի տակ եղած փաստերը և խոստացավ շատ կարճ ժամանակում պարզաբանում տալ: Տևական ժամանակ է անցել կոմունալ բաժնի պետի հետ զրույցից, սակայն նա դեռևս մեզ չի պատասխանել: Կամ «շատ կարճ ժամանակ»-ը այլ կերպ է ընկալվում պաշտոնական պատասխանատվության հարցերում, կամ վարչական շրջանի պատասխանատուները չեն գտնում Լուկաշին թաղամասի տեղը և նույնիսկ լուսանկարներն ու հասցեն փոխանցելուց հետո էլ չեն կարողանում գտնել ողջ տարածքն անընդհատ գարշահոտության մեջ պահող առվակները (չնայած թաղապետարանից մինչև նշված հատվածը մի քանի հարյուր մետր է), կամ էլ չեն պատկերացնում խնդրի լրջությունը. ի վերջո, ծանր մետաղներով հագեցած միրգն ու բանջարեղենը հայտնվում են շուկայում։ Տպավորություն է, թե պատկան մարմինները, այդ թվում՝ Սանէպիդ կայանի տարածքային մարմիններն էլ տեղյակ չեն ՀՀ Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքից. այլապես ինչո՞վ բացատրել հիվանդությունների ու համաճարակների կանխարգելման հարցերում կատարյալ անտարբերությունը հենց թաղապետարանի քթի տակ։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ