«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայրը թողել է ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքը և գրել.
«Սակայն կրթությունը, գիտությունը և ԵՊՀ-ն ոչ միայն որևէ ռեֆորմի չենթարկվեցին, այլև մի շարք դեպքերում ավելի դեգրադացվեցին, ավելի հետ գնացին։ Եվ հիմա, երբ առաջիկա տարիներին ոչ մի լավ բանի սպասելիք չկա՝ անիմաստ է շարունակել բարձր վարձատրվող ժամանակը վատնել հանուն ոչ մի բանի։ Այստեղ խնդիրը ամենայն խորությամբ համակարգային է, աշխարհայացքային, որի ուղիղ և անմիջական պատասխանատուներն են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արայիկ Հարությունյանը ինձ համար մարդկային մեծ հիասթափություն է։ Ոչ մի այլ նախարարի նշանակվելիս այդքան ուրախ չեմ եղել, բայց ոչ մի այլ նախարարի հեռանալիս այդքան անտարբեր չեմ լինելու։ Նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ, որպես մարդ, որը ռեֆորմների ալիքի վրա եկել ու զրո արդյունք է ցույց տվել»:
«ՉԻ». Մի քանի օր առաջ օգտատերերից մեկը գրել էր. իսկ կարո՞ղ է Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի, որ իրեն այդպես պինդ պահում է:
Սա, իհարկե, կատակ է, բայց լուրջ կատակ է: Միքայել Նահապետյանը ներկայացնում է հանրության այն խավը, որը ակտիվորեն աջակցել է հեղափոխությանը, մեծ ակնկալիքներ է ունեցել, ընդ որում՝ ոչ նյութական, և հիասթափվել է իշխանություններից: Մինչդեռ հենց այս խավն է իշխանության գլխավոր հենարանը: Այս խավն է քաղաքացիական հասարակության կորիզը:
Մարդիկ որտեղ պետք է եղել, աջակցել են իշխանություններին, որտեղ անհրաժեշտ է եղել, քննադատել են, և դա առողջ, նորմալ քննադատություն է եղել, ոչ թե գևորգ պետրոսյանների պես զառանցանք:
Իսկ սա նշանակում է, որ այս իշխանությունների ոտքի տակ հողն արդեն փխրուն է:
Մենք չենք կոնկրետանում Արայիկ Հարությունյանի վրա, թեպետ վերջինս իսկապես այս կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը դարձավ: Մի մարդ, որն այդքան պատասխանատու ոլորտ ստանձնի, ու այդքան անպատասխանատու կերպով երկու տարի կորցնի, կառավարության ընդհանուր խնդիրն է դառնում:
Միքայել Նահապետյանի այս գրառումը չափազանց լուրջ ահազանգ պետք է լինի իշխանությունների համար: Չգիտենք, էլ ինչ պետք է լինի, որ իշխանությունները հասկանան, թե ինչ խնդիրների առջև են կանգնած: