Վեհափառ հայրապետի և ՀՀ երեք նախագահների հանդիպումն Էջմիածնում դժվար է շարքային իրադարձություն համարել։ Կարծում ենք՝ շատերն են գիտակցում, որ երկրի ներսում մեկ կարևոր խնդիր ունենք լուծելու։ Երկրին գլուխ է պետք, իշխանություն, դժվարին պայմաններում իրատեսական լուծումներ գտնող, ճշգրիտ որոշումներ կայացնող և իրականացնող կառավարիչներ։
Կասեք՝ 2021- ին ընտրել ենք։ Կպատասխանենք՝ ընտրության արդյունքը տեսնում եք Հայաստանի ռմբակոծվող մարզերում, տեսնում եք ավերված Ջերմուկում։ Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք իշխանության կամ կառավարիչների որակի բացառիկ կարևորությունը։ 2021-ին ոսկերչական աշխատանք կատարելու համար ընտրել ենք անգամ բեռնակրի գործի համար անպետք կադրերի։
Հանրապետության երեք նախագահներից և նրանց թիմերից շատ բան է կախված։ Պարզ է, որ նպատակը մեկը պետք է լինի․ նվազագույն կորուստներով պահպանել հայկական պետականությունը՝ հայերիս՝ մեր հայրենիքում ապրելու միակ գրավականը։ Նպատակին հասնելու պատրաստակամությունից է կախված իշխանության կամ կառավարման խնդրի լուծումը։ Կկարողանա՞ն մեր նախագահները մի կողմ դնել անձնական հավակնությունները, կկարողանա՞ն մտածել միայն ու միայն հայկական օրակարգի մասին, կարծում ենք, կտեսնենք շուտով։
Հիմա մաքրագործման՝ լյուստրացիայի մասին։
Շատերս մտավախություններ ունենք։ Եվ դրանք անհիմն չեն։ (Թեպետ հույս ունենք, որ իրական օրհասի պահին մարդիկ կարող են դրսևորել իրենց լավագույն հատկանիշները)։
Պարզաբանենք՝ առանց անուններ տալու։
Եթե նախագահներից մեկը խաղում է միայն իր խաղը, այսինքն՝ ձգտում է ամեն գնով Հայաստանում իշխանություն ունենալուն, իսկ ավելի ճիշտ՝ հայտնի երկրի կողմից գուբերնատոր նշանակվելուն, ապա նա թքած ունի Սյունիքի և Գեղարքունիքի վրա, հայկական պետականության վրա։ Նա ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը երկարաձգելու համար։ Որովհետև, ամենայն հավանականությամբ, կարող է սպասել, թե երբ է ՀՀ վարչապետ կոչվածը ստորագրելու կապիտուլյացիոն հաջորդ փաստաթուղթը և վերջնականապես հանձնելու ՀՀ ինքնիշխանությունը։ Այսինքն՝ այսպես վարվողը պաշտպանում է իր և օտար երկրի շահը։
Կրկնենք՝ իշխանության կամ կառավարման խնդրի լուծումը հրատապ է։ Դրան նպաստելը կամ խանգարելը պարզորոշ ցույց կտա՝ ով ով է։
Զարուհի Գաբրիելյան
Հ․գ․ Շատ լավ գիտակցում ենք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրան շրջապատող իշխանական թիմը ինքնակամ չեն հեռանա։ Բայց գուցե կան ուղիներ՝ նրանց երաշխիքներ տալու, կառավարումը դե ֆակտո այլ թիմով իրականացնելու համար։