ՀՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը գրել է. «Դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար. անպետք են այն դասագրքերը, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի»:
«ՉԻ». Գիտե՞ք, թե ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկն էլ որն էր: Որովհետև բուհերում ամենահեղինակավորն ու ցանկալին պատմության ֆակուլտետն էր: Իսկ ինչո՞ւ էր պատմության ֆակուլտետն ամենահեղինակավորը:
Որովհետև այնտեղ պարտադիր էր Մարքսիզմ-լենինիզմ առարկան: Իսկ կոմերիտական, այնուհետև՝ պարտիական կարիերա անելու համար Մարքսիզմ-լենինիզմ անցնելը պարտադիր պայման էր: Առանց դրա կարիերիստի համար կուսնոմենկլատուրայի աստիճաններով բարձրանալն անհնար էր:
Արդյունքում այդ կայսրությունում չկային նորմալ տնտեսագետներ, իրավաբաններ, ինժեներներ, ծրագրավորողներ: Փոխարենը տոննաներով պատմաբաններ կային, որոնք առավոտից երեկո Լենինի ու Մարքսի կյանքն էին փառաբանում: Բա պիտի փլուզվեր, բա ի՞նչ պիտի աներ:
Էդուարդ Շարմազանովը նույնպես պատկանում է այն կարիերիստների շարքին, որոնք նոմենկլատուրային աստիճաններով բարձրանալու համար ընտրել են պատմության բաժինը: Բայց քանի որ ԽՍՀՄ-ը չկար, ինքը Լենինի մասին չի գրել: Լենինին փոխարինել էր Նժդեհը, որպես պաշտամունքի առարկա, դրա համար էլ նրա թեկնածուականի թեման կոչվում էր «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Սովետի օրոք կգրեր «Վ. Ի. Լենինի մանկավարժական հայացքները»: Բացի նրանից, որ այդ թեկնածուականը կարիերա անելու պարտադիր քայլերից մեկն էր, մի հատ էլ բանակից պլստալու միջոց է:
Ու հիմա հարց ենք տալիս Շարմազանովին. ի՞նչ օգուտ են տվել ձեր իբր թե գիտական աշխատանքները: Ո՞ւմ են պետք: Ինչքանո՞վ են նպաստել մեր պետականության ամրապնդմանը, գիտական աշխարհում ի՞նչ նոր խոսք են բերել: Իհարկե, եթե պատասխանի, ինչ-որ լոլոներ կասի, բայց իրականում՝ զրո: Որովհետև դեռ դպրոցից սկսած, այս մարդիկ կրթության խնդիր իրենց առջև չեն դրել, այլ միայն՝ կարիերայի:
Սա չի նշանակում, որ ԿԳՍՄ-ի նոր մոտեցումները՝ դպրոցական դասագրքերի, առարկաների վերաբերյալ, պետք է հալած յուղի տեղ ընդունել: Բազմաթիվ բացթողումներ կան, թերություններ, կա հապճեպություն, խորքային վերլուծությունների, համապատասխան մասնագիտական քննարկումների բացակայություն: Սրա համար պետք է խիստ քննադատություն: Բայց դա, այնուամենայնիվ, պետք է մասնագետները անեն, ոչ թե՝ դպրոցը դրամաշորթության և ընտրակեղծիքների օբյեկտ դարձրած կարիերիստները: