«ՉԻ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր նախորդ տարեվերջին Երևանի բազմաբնակարան շենքերում տեղակայված նորաոճ վերելակներին և այդ առնչությամբ բնակիչների ահազանգերին: Թեմայի շուրջ զրուցել էինք Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, որը հնչող դժգոհությունների ու մտահոգությունների մասին մեր հարցին արձագանքելու փոխարեն ընդամենը տեղեկություն էր տրամադրել, թե մայրաքաղաքում քանի նոր վերելակ է շահագործվել և հավելել, որ դրանք ունեն մեկ տարվա երաշխիք: Իսկ մինչ «մեկ տարվա երաշխիքը» շարունակում է ուժի մեջ մնալ, շարունակվում են նաև դժգոհությունները նորաոճ վերելակներից:
Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանի մի քանի տասնյակ շենքերում նոր վերելակներ կան, որոնք գրեթե ամեն օր խափանվում են: Մարդիկ ստիպված մինչև 16-րդ հարկ ոտքով բարձրանալ, ինչը, մեղմ ասած, չափազանց դժվար է, իսկ առողջության խնդիրներ ունեցողների համար՝ առավել ևս: Նոր անսարք վերելակներից դժգոհությունների մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանից: Սակայն թաղապետը ևս փոխքաղաքապետի նման մեղքը բարդեց բնակիչների վրա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ «ժամանակ է անհրաժեշտ», որպեսզի նոր վերելակները նորմալ աշխատեն։ Փաստորեն վերելակը խմորի նման է, մինչև չհասունանա, նորմալ չի աշխատի։
Ինչևէ, Մհրյանը խորհուրդ տվեց լսել թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանի պարզաբանումը։ Վերջինս չզլացավ, սկսեց մանրամասն և մասնագիտորեն պատմել տեղադրված վերելակի դռների նրբության, տրոսների մասին և հորդորեց հաջորդ բողոքի դեպքում զանգահարել ոչ թե թաղապետին, այլ անձամբ իրեն: Հաջորդ բողոքի առիթը շատ չուշացավ։ Եվ հենց այդպես էլ արեցինք, սակայն պարզվեց՝ նախկինում «պատրաստակամ» ու վերելակների գործում մասնագիտացած Ալոյանը գործ չունի խափանված վերելակների հետ և բնակիչներից է հետաքրքրվում, թե ինչ անսարքություն ունի տվյալ վերելակը: Այդուհանդերձ, նա բնակիչների համար ունի «պահեստային» առաջարկություն՝ վերելակի խափանման դեպքում զանգահարել ոչ թե իրեն կամ թաղապետին, այլ համատիրության նախագահին, ծայրահեղ դեպքում՝ «լիֆտովչիկին»: Ա՜յ, այսպիսի «մեկ տարվա երաշխիք»... ու վերելակների վերուվար անող թեմա...
Մելանյա Ծառուկյան