...

Նոր վերելակները խափանվում են, քանի որ բնակիչները թռչկոտում են դրանց մեջ

Նոր վերելակները խափանվում են, քանի որ բնակիչները թռչկոտում են դրանց մեջ

Ամանորի նախօրեին Երևանի բազմաբնակարան շենքերում սկսեցին գործող վերելակները փոխարինել նորերով: Պարզաբանումն այսպիսին էր՝ դրանք արդեն ժամկետանց են, ու նոր վերելակները գալիս են փոխարինելու իրենց սպառած հին վերելակներին: Պարզվեց, սակայն, որ նորաոճ, այսպես կոչված՝ եվրոպական չափանիշներին համապատասխան վերելակները տեղադրման հենց հաջորդ օրը շատ շենքերում խափանվել էին:

Իսկ թե արդյոք դրանք համապատասխան փորձաքննություն անցել են, փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանից:

Ի պատասխան՝ փոխքաղաքապետը նախ հայտարարեց, որ վերելակները խափանվում են այն պատճառով, որ բնակիչները անխնա են վարվում դրանց հետ:

Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ խափանման պատճառները տարբեր են լինում. «Իհարկե, տեղադրման հետ կապված էլ պետք է խնդիրներ լինեն: Ես չեմ բացառում, որ, օրինակ, վերելակը նախատեսված է հինգ հոգու համար, բայց, ասենք, բնակիչները մտնում են վերելակ, սկսում են թռչկոտել, որպեսզի դռները փակվեն, իսկ այնտեղ համապատասխան մեխանիզմ կա, որը հավասարակշռում է, դրա համար էլ խափանվում են, և մասնագետները ստիպված են լինում գալ, բացել այդ վերելակը և նորից աշխատեցնել: Չեմ ասում, որ ամբողջությամբ բնակիչներն են մեղավոր, ասում եմ, որ նմանատիպ դեպքեր կան: Օրինակ՝ վիճակագրություն կա, իսկ ես չունեմ էդպիսի տեղեկատվություն, որ տարբեր սոցցանցերում ինչ-որ տարբեր հաղորդագրություններ-բաներ եղել են: Մենք էս պահի դրությամբ փոխարինել ենք 500 վերելակ: Հիմա ուզում եմ հասկանալ 50 տոկոսից ավել, այսինքն՝ 251 վերելակներում էդ խնդիրը կա՞: Թե՞ էդ խնդիրը կա 500 վերելակից ասենք 10-ում կամ 11-ում: Մենք, քաղաքապետարանը, ճիշտն ասած, էդ ազդակները չենք ստացել»:

Նոր վերելակների աշխատանքից համընդհանուր դժգոհության մասին մեր դիտարկմանը Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Համընդհանուր դժգոհությունը հասկանալի է, բայց պետք է մենք մեր վարքը փոխենք: Պետք է հասկանանք, որ այդ վերելակների հետ չպետք է վարվենք նույն ձև, ինչպես սովետական ժամանակներում արտադրված վերելակների հետ: 

Ինչ վերաբերում է փորձաքննությանը, օրենքով սահմանված է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարին մեկ անգամ վերելակները փորձաքննություն պետք է անցնեն: Քանի որ վերելակների փոխարինման աշխատանքները քաղաքապետարանը նախաձեռնել էր, որ պետք է իրականացվի, իրականացվել է: Փորձաքննությունն անցել են և շահագործման են հանձնվել: Մենք համապատասխան բյուջե ենք ծախսել և իրենք մեկ տարի երաշխիք ունեն»:

Հ.Գ. Քաղաքապետարանի պատասխանատուն պնդում է, որ վերելակները փորձաքննություն անցել են, չնայած՝ մեկ տարվա երաշխիքը բազմաբնակարան, ասենք՝ մոտավոր 300 բնակիչ ունեցող շենքի համար, մեղմ ասած, խելամիտ ժամկետ չէ։ Նման երաշխիքային ժամկետ Հայաստանում լավագույն դեպքում հեռախոսի, ժամացույցի, հեռուստացույցի, փոշեկուլի համար կարող է լինել, բայց ոչ՝ բազմաբնակարան շենքի։ Այլապես ստացվում է, որ Քաղաքապետարանը պատրաստ է տարին մեկ ամեն շենքում մի քանի հարյուր բնակչի մի քանի շաբաթով, եթե ոչ ամսով դատապարտել ոտքով տասնյակ հարկեր բարձրանալ-իջնելու՝ առանց նկատի ունենալու, թե նման պայմաններում քաղաքացին ինչպիսի աշխատունակություն և ՕԳԳ կարող է ապահովել, ինչպիսի այլևայլ խնդիրների կարող է բախվել։ Մյուս կողմից՝ բնակիչներն ահազանգում են անընդհատ խափանվող վերելակների մասին: Մնում է ենթադրել, որ շատ արագ իրականացված կամ այսպես ասած՝ գլխառադ արված վերելակային ծրագիրը ինչ-որ մեկի շահերն է սպասարկում, և քաղաքապետարանի սրտով է, գուցե աշխատանք ցույց տալու ֆոնին ապահովում է նաև փողեր լվանալու գործընթաց։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ